Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի ճնշումը Հայաստանի վրա կուժեղանա. Ռուբեն Սաֆրաստյան

Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ համապատասխանում է դեռևս 1991 դեկտեմբերի իրավիճակին, երբ նա ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց հրաժարվեց հաստատել Հայաստանի հետ հարաբերություններ։ Այդ օրվանից մինչև հիմա Թուրքիայի քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ չի փոխվել և հիմնված է մի սկզբունքի վրա, որը միջազգային հարաբերությունների տեսությունում համարվում է հարկադրման քաղաքականություն: Այս մասին ասել է Գիտությունների ազգային ակադեմիայի Արևելագիտության ինստիտուտի գիտական ղեկավար, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Թուրքիան ճնշում է Հայաստանի վրա և ստիպում, որ Հայաստանը փոխի իր քաղաքականությունը, և այդ ճնշումն ընթանում է հետևյալ երեք սկզբունքների շուրջ՝ Թուրքիան պահանջում է, որ Հայաստանը հրաժարվի Ցեղասպանության ճանաչման և դատապարտման քաղաքականությունից, պահանջում է, որ Հայաստանը դադարի պաշտպանել Արցախի իրավունքը, միայնակ թողնի Արցախին, երրորդ պահանջն է, որ Հայաստանը վերահաստատի, որ ինքը հավատարիմ է Կարսի պայմանագրին, որը անարդարացի պայմանագիր էր.

«Թուրքիան այս երեք խնդիրները փորձում է լուծել՝ Հայաստանի վրա ճնշում գործադրելով, ելնելով այն հանգամանքից, որ մենք չունենք ելք դեպի ծով: Թուրքիայի վարած քաղաքականության մեջ տասնյակ տարիների մեջ, այդ թվում նաև՝ այսօր, ոչ մի փոփոխություն չեմ տեսել: Այդ քաղաքականությունը շարունակվում է, և ես կարծում եմ, որ մոտ ապագայում մենք ականատես կլինենք Թուրքիայի կողմից Հայաստանի վրա ճնշման ուժեղացման, այնպես որ Հայաստանի արտգործնախարարի հայտարարությունը բացարձակ չի համապատասխանում այն քաղաքականությանը, որ Թուրքիան վարել է Հայաստանի նկատմամբ, համոզված եմ, որ մոտ ապագայում կվարի մեծ ագրեսիվությամբ»:

Սաֆրաստյանը նկատեց նաև, որ Կարսի մոտակայքում Թուրքիայի կողմից իրականացված զորավարժությունները Հայաստանի վրա այդ ճնշման միջոցներից մեկն էր: Ըստ նրա՝ թեև դրանք պլանային զորավարժություններ էին, որոնք ամեն տարի տեղի են ունենում, բայց նրանք աչքի ընկան հարձակողական բնույթով և Թուրքիայի և Ադրբեջանի կողմից ուղեկցվում էին շատ ուժեղ պրոպագանդիստական գործողություններով:

Աղբյուրը՝ tert.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում