Ես սրանց իշխանություն չեմ հանձնել, իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին. Սերժ Սարգսյան

Ես սրանց իշխանություն չեմ հանձնել, իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հարցազրույց է տվել «Արմնյուզ» հեռուստաընկերությանը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման բանակցային գործընթացին, արցախյան վերջին պատերազմում ՀՀ դիվանագիտական և ռազմաքաղաքական ձախողումներին՝ կապիտուլյացիայի պատճառներին, հետևանքներին, ինչպես նաև ստեղծված իրավիճակից ելքին ու ապագային միտված ծրագրերին:

-Բարև Ձեզ, պարո՛ն նախագահ, շատ բան կա Ձեզ հարցնելու, բայց ես կփորձեմ այսօր տալ վերջին շրջանում մեր հանրության հուզող, մտահոգող հիմնական հարցերը և առաջարկում եմ՝ մեր զրույցը պայմանականորեն բաժանենք երկու հատվածի։ Առաջինում կխոսենք Ձեր նախագահության տասը տարիների ընթացքում և վերջին երեք տարվա ընթացքում բանակցային գործընթացի առանձնահատկությունների և պատերազմի պատճառների մասին, երկրորդում կխոսենք արդեն ռազմաքաղաքական իրողությունների, բուն պատերազմի, դրա արդյունքի, մեր պարտության պատճառների մասին, իհարկե, հընթացս որոշ ներքաղաքական արձանագրումներ էլ կանենք, դա անխուսափելի է։ Պետք է սկսենք 2018-ի ապրիլ-մայիսից․ «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունե՞ր Արցախյան հիմնահարցի հետ: Չէ՞ որ 2018-ի գարնանը մենք շատ ծանր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում էինք, Դուք դա հրաշալի տեսնում և պատկերացնում էիք, և իշխանության էին հավակնում մի խումբ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ո՛չ Արցախյան շարժման հետ կապ ունեին, ինչպես առաջին նախագահը, ո՛չ էլ գենեզիսով Արցախից էին, ինչպես երկրորդ նախագահն ու Դուք։ Երբևէ պետական պաշտոն չէին զբաղեցրել, չէին մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն՝ մեծ հաշվով, պատկերացում չունեին բանակցային գործընթացի մասին կամ միայն մամուլից էին տեղյակ։ Դուք ի՞նչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը, այդ ծանր իրավիճակում Դուք ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք։

-Նախ, պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա Դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։

Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, որ հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք Ռադիոտունը գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ։

-Պարո՛ն նախագահ, Դուք ասում եք, որ իշխանությունը փոխանցել եք Կարեն Կարապետյանին, բայց լայնորեն տարածված մի վարկած կա, Դուք էլ հաստատ լսել եք այդ մասին, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր պրոյեկտն է՝ անձամբ Ձեր։ Ես ուզում եմ իմանալ՝ դա այդպե՞ս է, թե՞ ոչ։ Ձեր շփումները հեղափոխության օրերին, միգուցե դրանից առաջ, իշխանությունը փոխանցելուց հետո եղե՞լ են, թե՞ այն մի քանի րոպեանոց դրվագն է եղել, որը բոլորիս աչքի առջև էր։

-Նախ ասեմ, որ ապագա կապիտուլանտը իմ տեսադաշտում հայտնվել է 90-ական թվականների սկզբներին, և, ավելի ստույգ, 1993 թվականի վերջերին, երբ ես մի քանի ամսվա պաշտպանության նախարար էի, և բազմաթիվ հաջողություններից հետո մենք ռազմաճակատում որոշակի խնդիրներ ունեցանք, և այդ խնդիրները մանիպուլացնելով, իրականությանը չհամապատասխանող փաստեր բերելով, անհարկի քննադատելով՝ ուղղակի ցավ էր պատճառում մեզ, ոչ միայն ինձ, այլ նաև իմ մարտական ընկերներին։

-Դուք նրա անունը այն ժամանակ արդեն ֆիքսել էիք։

-Ոչ, նրա անունը ես ֆիքսել եմ 2020-ի նոյեմբերի 9-ին։ Եթե անուն ասելով՝ կապիտուլանտը նկատի ունեք։

-Խոսքն այդ անձի մասին է, այսինքն՝ երբ է նա հայտնվել Ձեր տեսադաշտում։

-Այո, առաջին անգամ իմ տեսադաշտում այնտեղ է հայտնվել։ Երկրորդ անգամ մենք հանդիպել ենք 90-ականների վերջին՝ դատարանում, և երրորդ անգամ մենք հանդիպել ենք 2018-ին՝ «Մարիոթ» հյուրանոցում։

-Որևէ այլ հանդիպում ձեր միջև չի՞ եղել։

-Որևէ այլ հանդիպում կամ միջնորդավորված կապ չի եղել։

-Հեռախոսային որևէ խոսակցությո՞ւն։

-Ոչ էլ հեռախոսային: Ասում եմ՝ նույնիսկ միջնորդավորված որևէ կապ չի եղել, և ֆիզիկապես, նորից եմ կրկնում, այդ մարդուն ես տեսել եմ երեք անգամ։

-Իր կողմից էլ հետո չի՞ եղել որևէ ցանկություն՝ արդեն իր պաշտոնավարման օրոք Ձեզ հետ կապ հաստատել՝ Արցախի հարցով հենց։

-Ոչ, ինչի համար ես ուրախ եմ, որովհետև ես այդպիսի ցանկություն չունեի։

-Բայց դուք կընդունեի՞ք այդ առաջարկը, եթե լիներ։ Պատերազմի օրերին այդ պատրաստակամությունը երևաց՝ Ձեր և մյուս նախկին նախագահների։

-Գիտեք, դա մի ուրիշ հանգամանք է, երբ նախկին նախագահներով, այո, ունեինք այդպիսի ցանկություն, բայց երբեք ես նրա հետ, ինչպես ասում են, դեմ առ դեմ չէի հանդիպի մենակ։ Ոչ, ես չեմ ունեցել այդ ցանկությունը։ Ինչ վերաբերում է, որ կապիտուլանտը իմ նախագիծն է, դա ուղղակի զավեշտ է, ես այդպիսի նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր էր, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն պիտի խզբզեի։

– Հիմնական մոտիվացիան այն է, որ Դուք խուսափեիք Արցախի հարցում ցավոտ լուծումների գնալուց և դա թողնեիք այլ մեկի վրա։

-Կաիտուլանտը իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։

-Պարո՛ն նախագահ, եթե մենք խոսենք իշխանափոխության մասին, դա շատ երկար կարող է տևել։

-Ներողություն, ես պետք է ասեմ հետևյալը, որ կապիտուլանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել։

-Դուք այդտե՞ղ սխալվեցիք: Ամենահայտնի արտահայտությունը Ձեր հրաժարականի տեքստի՝ որ նա ճիշտ էր, Դուք սխալվեցիք, վերաբերում էր Ձեր հետնորդի սխալ ընտրությա՞նը։

-Ոչ։ Ես կարծում եմ, որ ապրիլյան իրադարձությունների մասին կարելի է մի ամբողջ հաղորդման ընթացքում խոսել կամ մամուլի ասուլիսի ընթացքում, ինչն ինձ համար ավելի հոգեհարազատ է, և դա, կարծում եմ, կլինի տեսանելի ապագայում։ Ինչ վերաբերում է իմ՝ հանրության կողմից հետաքրքրություն ստացած ասածներին, ապա կարող եմ ասել միայն հետևյալը, որ ես այդ հայտարարությունը խմբագրել եմ երեք անգամ․ առաջին անգամ՝ ապրիլի 23-ի առավոտյան՝ ավելացրել եմ մի քանի նախադասություն, այնուհետև հայտարարության տեքստը դրել եմ կողքի, մի 30-40 րոպե հանգիստ մտածել եմ, այնուհետև այդ նախադասություններից կրճատել եմ որոշ բաներ, պարզեցրել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ իմ կարծիքով՝ այդպիսի տեքստը կարող էր իրավիճակն էլ ավելի թեժացնել, և երբ որ որոշ ժամանակ հետո իմ պատկերացմամբ՝ այդ տեքստն արդեն իր վերջնական տեսքն ուներ, հրավիրել եմ վարչապետ Կարեն Կարապետյանին և ուղիղ նրան հարցրել՝ ասելով հետևյալը. «Կարե՛ն ջան, պարո՛ն վարչապետ, ես կարծում եմ, որ հանգուցալուծումը կարող է լինել իմ հեռանալով, պատրա՞ստ ես արդյոք այս իրավիճակում ամբողջ պատասխանատվությունը վերցնել քեզ վրա»։ Նա անմիջապես ասաց՝ այո, ինչը ես գնահատում եմ։ Ասացի՝ ուրեմն պայմանավորվենք հետևյալ կերպ՝ մենք որոշ ժամանակ հետո պետք է գնանք նախագահական (այնտեղ խորհրդակցություն կար Վեհափառ Հայրապետի մասնակցությամբ), և այդ խորհրդակցությունից անմիջապես հետո կարող ես գնալ մեկուսարան և նրանց հայտնել, որ ես այսօր հրաժարական եմ տալու, թող նրանք իրավիճակը լիցքաթափեն։ Չմոռանանք, որ հաջորդ օրը ապրիլի 24-ն էր։ Պայմանավորվեցինք։

-Խոսք չի՞ եղել նրանց իշխանություն փոխանցելու մասին այդ ժամանակ։

-Ոչ, խոսքը եղել է իմ հրաժարականի մասին։

-Ապրիլի 23-ին իրենք դա որպես իրենց հաղթանակ էին նշում, պարո՛ն նախագահ։ Միգուցե Կարապետյանը իրենց ա՞յլ բան է ասել։

-Ես չեմ կարծում, որ Կարապետյանն իրենց այլ բան կասեր։ Կարապետյանը նրանց չէր ասել, նրանց հետ չէր խոսել իշխանության փոխանցման մասին, Կարապետյանը նրանց ասել էր, որ ես հրաժարական եմ տալիս։ Դրանից հետո ես Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել։ Դա երրորդ խմբագրումն էր։

-Կասե՞ք՝ որը։

-Ես կարծում եմ՝ մենք այսպիսի սկզբով, այսպիսի հարցադրումներով, այսպես սահուն անցնում ենք 2018-ի իրադարձությունների դաշտ։

-Մեկ ճշտող հարց, և ամփոփենք այս թեման, պարո՛ն նախագահ, քանի որ մեր հանդիպման առիթն առավելապես այլ է, սկզբում էլ ասացի։ Ապրիլի 23-ին Կարեն Կարապետյանի միջնորդությամբ այսօրվա իշխանություններին բանտից ազատելով՝ Դուք հասկացրել եք Կարապետյանին, որ Դուք ոչ թե նրանց եք իշխանություն փոխանցում, այլ Կարապետյանին եք իշխանություն փոխանցում։ Դա կարո՞ղ եք լիարժեքորեն ասել, որ ուղերձը եղել է դա, Կարապետյանին էլ է Ձեր ուղերձը եղել դա, որ իրեն չեք տալիս իշխանություն, հետո գործող իշխանությանը դա փոխանցելու հաշվարկով, այլ իրեն եք վստահում պետության կառավարումը։

-Խոսակցությունն այդպես ուղիղ էլ եղել է։ Բացի դրանից՝ ես ապրիլի 23-ին վարչապետ էի, Կարեն Կարապետյանը՝ առաջին տեղակալ, և վարչապետի հրաժարականից հետո երկրի կառավարումն անցնում է առաջին տեղակալին, դա միանշանակ է, այստեղ որևէ կասկած չկա։ Ես նորից եմ կրկնում՝ իմ ասածի մեջ որևէ միտում չկա, որ սրանց իշխանության գալու մեջ ես որևէ մեղք կամ հանգամանք չունեմ։ Ոչ, ես ուղղակի ասում եմ իրականությունը ու նորից եմ կրկնում՝ ուղիղ եմ ասում՝ չմեղադրելով Կարեն Կարապետյանին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում