«Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել». Սերժ Սարգսյան

«Կարեն Կարապետյանին ցույց եմ տվել իմ հրաժարականի տեքստը և նրա խնդրանքով ևս մի պարբերություն հանել». Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ծավալուն հարցազրույց է տվել «Արմյուզ» հեռուստաընկերությանը:

Հեռուստամեկնաբան Դավիթ Սարգսյանի հարցին՝ 2018-ի «թավշյա հեղափոխությունը» և Ձեր հրաժարականը որևէ կապ ունե՞ր Արցախյան հիմնահարցի հետ: «Չէ՞ որ 2018-ի գարնանը մենք շատ ծանր աշխարհաքաղաքական, տարածաշրջանային իրավիճակում էինք, Դուք դա հրաշալի տեսնում և պատկերացնում էիք, և իշխանության էին հավակնում մի խումբ անձինք, որոնք Հայաստանի Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ ո՛չ Արցախյան շարժման հետ կապ ունեին, ինչպես առաջին նախագահը, ո՛չ էլ գենեզիսով Արցախից էին, ինչպես երկրորդ նախագահը և Դուք։ Երբևէ պետական պաշտոն չէին զբաղեցրել, չէին մասնակցել բանակցային գործընթացին, այսինքն՝ մեծ հաշվով, պատկերացում չունեին բանակցային գործընթացի մասին կամ միայն մամուլից էին տեղյակ։ Դուք ի՞նչ հաշվարկով նրանց փոխանցեցիք իշխանությունը, այդ ծանր իրավիճակում Դուք ինչպե՞ս այդքան հեշտությամբ հրաժարական տվեցիք», դիտարկում-հարցին Սերժ Սարգսյանը հակադարձեց.

«Նախ, պետք է ասեմ, որ, իմ կարծիքով, ուղիղ կապ ունեն։ Այսինքն՝ այն, ինչ տեղի ունեցավ 2018-ի գարնանը, իր էությամբ հակաղարաբաղյան շարժում էր, և անկեղծորեն պետք է ասեմ՝ ոչ միայն հակաղարաբաղյան, այլև՝ ղարաբաղցիների դեմ։ Այնպիսի մի իրավիճակ ստեղծվեց, որ ես նախընտրեցի անցնցում հեռանալ, քան թե փորձել բազմաթիվ լուծումներից մեկն առաջարկել հանրությանը։ Ես երբեք չեմ համաձայնում այն մտքի հետ, որ հիմա դուք արտահայտեցիք, որ ես նրանց հանձնել եմ իշխանությունը։ Ոչ, նախ՝ իշխանությունը ես հանձնել եմ Կարեն Կարապետյանին: Ես հասկանում եմ, որ մարդիկ իրավունք ունեն այդպես կարծելու, որ ես իշխանությունը հանձնել եմ սրանց։ Տեսեք՝ ինչպիսի իրավիճակ էր ստեղծվել. ես, ելնելով աշխարհաքաղաքական իրողություններից և այն համոզմունքից, որ եթե փոխվի գլխավոր բանակցողը, ապա բանակցային պրոցեսում տեղի են ունենալու այնպիսի փոփոխություններ, որոնք ճակատագրական էին լինելու մեր երկրի համար։ Հիմա հարցազրույցի ընթացքում մենք դրան տարբեր ասպեկտներից կանդրադառնանք։ Հենց այդ պատճառով ես համաձայնեցի ընտրվել վարչապետ, և որևէ մեկը չէր կարող կանխատեսել, որ Հայաստանում կարող է այդ շարժումը, այդ նախաձեռնությունը ստանալ այդպիսի ընթացք։

Ես նաև շատ լավ հասկանում եմ բոլոր այն մարդկանց, ովքեր հետհայաց, ռետրոսպեկտիվ վերլուծելով, ասում են՝ բա ինչո՞ւ նախնական շրջանում միջոցներ չձեռնարկվեցին, ինչո՞ւ, օրինակ, երբ նրանք «Ռադիոտունը» գրավեցին, կոշտ միջոցներ չձեռնարկվեցին, բայց մյուս կողմից էլ ուզում եմ, որ նրանք հասկանան նաև ինձ՝ նորից եմ ասում՝ որևէ նախադրյալ չկար, որ կարող էր այդ շարժումը այդպիսի թափ ստանալ, այդպիսի ուժգնություն ստանալ»։

Հարցին՝ Դուք ասում եք, որ իշխանությունը փոխանցել եք Կարեն Կարապետյանին, բայց լայնորեն տարածված մի վարկած կա, որ Հայաստանի գործող վարչապետը Ձեր պրոյեկտն է՝ անձամբ Ձեր։ Լրագրողի խոսքով, որ նման կարծիք արտահայտողների հիմնական մոտիվացիան այն է, որ Դուք խուսափեիք Արցախի հարցում ցավոտ լուծումների գնալուց և դա թողնեիք այլ մեկի վրա, Ս. Սարգսյանը պատասխանեց.

«Կապիտուլյանտը իմ նախագիծը չէ։ Եվ բացի Ձեր ասածից՝ ես գիտեմ նաև այլ հետևություններ, ուղղակի ուզում եմ մեկ անգամ ևս ասել, որ նա այն ուժերի նախագիծն է, ում հետ ես երբեք որևէ ընդհանուր բան չէի կարող ունենալ։ Նրանց հետ ունեցել եմ միայն հակասություններ: Հակասություններ այն առումով, որ իմ պատկերացումները Հայաստանի և Արցախի զարգացման հարցում էապես տարբերվում էին այդ ուժերի պատկերացումներից։

…Կապիտուլյանտին ընտրել է ժողովուրդը, մեր խաբված ժողովուրդը՝ այդ ուժերի ուղղորդմամբ, և բոլոր նրանք, ովքեր այդ թեզը տարածում են, թող չփորձեն իրենց մեղքը բարդել ինձ վրա։ Ինձ կանգնեցրել էին ցուգցվանգի առջև՝ կա՛մ պետք է ուժ կիրառել, իսկ ինչպես հիշում եք՝ փողոցում բազմաթիվ երեխաներ ու կանայք էին (պարզ էր, որ առանց կորուստների դա չէր կարող լինել, պարզ էր, որ դա խոցելի էր դարձնելու Հայաստանին ինչպես բանակցային գործընթացում, այնպես էլ՝ մնացած բոլոր հարցերում), կա՛մ պետք է որոշում ընդունեի անցնցում հեռանալ՝ երկրին տալով հնարավորություն՝ ժամանակի ընթացքում այդ հարցը կարգավորել»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում