Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունների ընդլայնման մասին

Էրդողանը հայտարարել է տարածաշրջանում Թուրքիայի հակաահաբեկչական գործողությունների ընդլայնման մասին

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Տրապիզոնի նահանգում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Թուրքիան լուրջ հաջողությունների է հասել ահաբեկչության դեմ պայքարում։ Նրա խոսքերով՝ Թուրքիան կընդլայնի հակաահաբեկչական գործողությունների իրականացման գոտին այն շրջաններում, որտեղ ակտիվորեն գործում են ահաբեկիչները։

«Անկարան կձեռնարկի բոլոր անհրաժեշտ միջոցները՝ ազգային անվտանգության սպառնալիքները վերացնելու ուղղությամբ։ Մենք ահաբեկիչներից մաքրված շրջաններում կմնանք այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է»,- նշել է Էրդողանը։ Թուրքիայի առաջնորդը հավելել է, որ ահաբեկիչները կոչնչացվեն բոլոր շրջաններում՝ անկախ գտնվելու վայրից։

«Իրաքի հյուսիսում՝ Գարայի շրջանում, ակտիվորեն գործում էին PKK-ի ահաբեկիչները։ Թուրքական բանակը ոչնչացրել է ահաբեկիչների օբյեկտները, և հարցը փակված է»,- Էրդողանին մեջբերել է Anadolu գործակալությունը։

Էրդողանը քննադատել է նաև Արևմուտքի արձագանքը թուրքական գործողությունների առնչությամբ։ «Արևմուտքը անտեսեց Իրաքի հյուսիսում Թուրքիայի 13 խաղաղ անզեն քաղաքացիների մահապատիժը։ Միայն մի քանի թույլ քննադատություն ահաբեկիչների գործողություններին և ոչ ավելին։ Ահաբեկիչների զինակիցների դիմակներն ընկնում են, ինչը վերահաստատում է Թուրքիայի որդեգրած ուղեգծի ճշմարիտ լինելը»,- եզրափակել է Էրդողանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում