Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կարող է խնդիր ունենալ. Կիրակոսյան

Ադրբեջանը ՄԻԵԴ-ում կարող է խնդիր ունենալ. Կիրակոսյան

Ադրբեջանական կողմը մարդու իրավունքների եվրոպական դատարանում կարող է վաղեմության խնդիր ունենալ: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ մեկնաբանելով հունվարի 15-ին Ադրբեջանի կողմից ՄԻԵԴ ներկայցված գանգատի բովանդակությունը:

«Ադրբեջանական կողմի ներկայացրած գանգատը վերաբերում է ոչ միայն 2020թ.-ի հուլիսյան ու աշնան դեպքերին, այլև Արցախյան առաջին պատերազմի դեպքերին և հետևանքներին: Նաև նշում են առաջին պատերազմից ի վեր անհետ կորածների իրավունքների մասին, այն ժամանակվա ենթադրյալ որոշակի խախտումների մասին, ինչը, կարծում եմ, իրավական առումով բավականին մտածելու տեղիք է տալիս»,- ասաց Կիրակոսյանը՝ հիշեցնելով վերջերս ՄԻԵԴ-ի կողմից մերժված հայցադիմումը Քարվաճառի վերաբերյալ ու չբացառելով, որ այս դեպքում ևս դատարանը հաշվի կառնի վաղեմության ժամկետի հարցը:

«Այդ վերջին դեպքը շատ պարզ օրինակ է, որով դատարանը փաստացի գծեց այն ժամանակային սահմանը և շեշտեց այն հանգամանքը, որ մինչ այդ պահն իրենք հնարավորություն ունեցել են գանգատ ներկայացնելու, բայց չեն արել դա»,- ասաց Կիրակոսյանը:

Նա նաև շեշտեց, որ, ի տարբերություն Ադրբեջանի, հայկական կողմը գանգատում ներկայացրել է բացառապես 44-օրյա պատերազմին վերաբերող փաստեր:

Հայաստանի կողմից ամբողջական գանգատը ՄԻԵԴ է ներկայացվել 2021թ-ի փետրվարի 4-ին:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում