Կառավարությունը նպաստում է մասնավոր ուսումնական հաստատությունների փակվելուն. «Ժողովուրդ»

Կառավարությունը նպաստում է մասնավոր ուսումնական հաստատությունների փակվելուն. «Ժողովուրդ»

«Հայաստանում մասնավոր ուսումնական հաստատությունները հարվածի տակ են. կառավարությունը որոշել է օրինագիծ ընդունել մասնավոր կրթական ծառայություններն ԱԱՀ-ով կամ ավելացված շրջհարկով հարկելու վերաբերյալ։«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ վարչապետի՝ 2020 թվականի դեկտեմբերի 30-ի N 1455-Լ որոշման հավելվածի համաձայն՝ կառավարությանը հանձնարարվել է մինչև 2021-ի մայիսի երկրորդ տասնօրյակը պատրաստել օրենսդրական փոփոխությունների փաթեթ, ըստ որի՝ հանրակրթություն և բարձրագույն կրթություն իրականացնող հաստատությունների գործունեությունը պետք է հարկվի ԱԱՀ-ով՝ 20 տոկոսի չափով։

Առաջիկայում կայանալիք այս փոփոխությունները մտահոգությունների և դժգոհության մեծ ալիք է բարձրացրել մասնավոր նախադպրոցական հաստատությունների պատասխանատուների շրջանում. մասնավոր դպրոցները ստիպված են լինելու 20 տոկոսով բարձրացնել ուսման վարձավճարները։

Եվ շատ ծնողներ անհանգստացած են, որովհետև այս փոփոխություններից հետո ստիպված են լինելու իրենց երեխաներին հանել մասնավոր դպրոցներից և տեղափոխել պետական դպրոց, մինչդեռ անկախ հայկական դպրոցների ասոցիացիայի հաշվարկներով՝ ամեն տարի պետությունը մոտ 9000 երեխայի վրա տնտեսում է ավելի քան 1,2 միլիարդ դրամ, այսինքն՝ այդքան երեխա կրթություն է ստանում ոչ պետական դպրոցներում։

Ավելին՝ անկախ դպրոցների հայկական ասոցիացիան հարցում է անցկացրել աշակերտների ծնողների շրջանում։ Հարցման մասնակից ծնողներից շուրջ 50 տոկոսից ավելին հայտարարել է, որ երեխաներին կտանեն պետական դպրոց: Նույն պատկերն է նաև մասնավոր մանկապարտեզների դեպքում, ինչի շնորհիվ հատկապես կանայք կարողանում են աշխատել՝ նպաստելով ՀՀ տնտեսության զարգացմանը։

Իսկ այս փոփոխությունների արդյունքում շատ մանկապարտեզներ ուղղակի կփակվեն, պետական մանկապարտեզներում ազատ տեղեր չկան։ Ահա ծնելիությունը խթանելու կառավարության «լուրջ» ջանքերը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում