Այդ ո՞ւմ եք պաշտպանում դուք. Վազգեն Մանուկյանը՝ ոստիկաններին

Այդ ո՞ւմ եք պաշտպանում դուք. Վազգեն Մանուկյանը՝ ոստիկաններին

Ոստիկանների աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդկանց, հանձնեց Արցախը, հանձնեց մեր սահմանները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով երթի ընթացքում, Ոստիկանության շենքի դիմաց հայտարարեց ընդդիմության վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը։

«Մենք ոստիկաններ շատ ենք տեսել, Խորհրդային միությունում ենք պայքարել, տարբեր նախագահների ժամանակ ենք պայքարել, բայց այն դաժանությունը, որ ես այսօր տեսա, այդպիսի դաժանություն երբեք չի եղել: Այդ ո՞ւմ եք պաշտպանում դուք։ Պատասխան եք տալու մինչև վերջ»,-վրդովված ասաց Մանուկյանը։

Նրա խոսքով, մեր պետությունը, որ կառուցվեց, բանակի սաղմերը, ամեն ինչը սկսվեց ոստիկանությունից:

«Մեր ոստիկաններն էին Լաչինը պաշտպանում, մեր ոստիկաններից սկսվեց ջոկատների միավորումը, ես այսպիսի դաժան ոստիկանություն, որը հիմա է, երբեք չեմ տեսել։ Ոստիկանը պետք է ունենա բնազդ, թե ի՞նչ է նշանակում հանցագործություն։ Ոստիկանների աչքի առաջ մեկ մարդ կոտորեց հազարավոր մարդկանց, հանձնեց Արցախը, մեր սահմանները հանձնեց։ Դուք դրանից հետո իրեն հանցագործ չե՞ք համարում։ Թե՞ համարում եք, բայց աշխատավարձի համար աշխատում եք հանցագործի համար: Այդ դեպքում դուք ոստիկան չեք, այդ դեպքում դուրս եկեք Ոստիկանությունից»,- նշեց նա։

Վազգեն Մանուկյանը նաև շեշտեց, որ բոլորին հիշելու են և դիմելով ժողովրդին՝ ասաց, որ բռնություն գործադրող բոլոր ոստիկաններին լուսանկարեն։

«Նկարեք, բոլորի լուսանկարները պետք է թերթերում ու մամուլում ցույց տանք, որ տեսնեն, թե իրենց ընտանիքի հայրը ոնց է փող վաստակում», – ասաց նա

Մանուկյանը նաև նշեց, որ սպասում են ոստիկանապետի բացատրություններին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում