Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին

Այդպիսի անհեթեթություն անգամ անեկդոտներում չի լինում. «Իսկանդերի» մշակողը Փաշինյանի հայտարարության մասին

«Իսկանդեր» հրթիռային համակարգերի մշակող, ռազմավարական հրթիռների 37-ամյա փորձով ինժեներ-կոնստրուկտոր, տեխնիկական գիտությունների դոկտոր Վլադիմիր Կովալյովը «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականին տված հարցազրույցի ժամանակ անդրադարձել է «Իսկանդեր» համակարգերի «անարդյունավետության» վերաբերյալ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը:

«Հայտարարելով «Իսկանդեր»-ների անաշխատունակության մասին, Փաշինյանը, ինչպես ասում են, պետք է տեր կանգնի իր խոսքերին: Նման լուրջ մեղադրանք ներկայացնել հրթիռային համակարգի վերաբերյալ և միաժամանակ հրապարակավ խոստովանել, որ ինքը «չգիտի» հարցի էությունը, Հայաստանի վարչապետի համար անարժան և նույնիսկ անպատվաբեր է: Դե, «80-ականների զենքի» մասին նրա հայտարարությունն արդեն անհարգալից դատարկախոսության նշան է: Ի՞նչ «80-ականների զենքի» մասին կարող է խոսք լինել, եթե նույնիսկ ռուսական բանակն «Իսկանդերով» զինվելը ավարտել է միայն 2019 թվականի վերջին: Արտահանման տարբերակով Հայաստանը մի քանի այդպիսի համալիրներ ստացել է նույնիսկ ավելի վաղ, ի վերջո, մենք դաշնակիցներ ենք»,- ասել է Կովալյովը։

Նա հավելել է, որ ինքը տասնյակ անգամներ վկա է եղել համալիրի փորձարկմանը և ոչ մի դեպք չի հիշում, որ մարտագլխիկը չպայթի, ոչ մի անգամ։ Իսկ որպեսզի նման բան պատահի, պետք է կամ առհասարակ մարտագլխիկը հանել հրթիռի վրայից, կամ համալիրի սպասարկումը վստահել դիլետանտներին։ Եվ այստեղ դեռ պետք է պարզել՝ արդյո՞ք թերուսները չեն սպասարկել «Իսկանդեր»-ներով կրակելուց առաջ։

«Գիտե՞ք էլի ինչի մասին մտածեցի, երբ Փաշինյանն ասաց, որ հրթիռի մարտագլխիկը պայթել է ընդամենը 10% -ով: Որ վարչապետին շտապ անհրաժեշտ է վերացնել իր անգրագիտությունը: Կրթական ծրագիր է պետք: Ըստ ամենայնի, նա կամ դպրոցում ծույլիկ աշակերտ է եղել, կամ ականջի ծայրով է լսել, որ արտահանման տարբերակի «Իսկանդեր» -ի մարտագլխիկի կարողությունը 10% -ով ցածր է ռուսականից: Մոսկվան դա երբեք չի թաքցրել Երևանից: Բայց Փաշինյանը շփոթել է ամեն ինչ: Նա լեզվից ծիծաղելի բան է թռցրել`ասելով, որ հայկական հրթիռային մարտագլխիկը պայթում է ընդամենը 10% -ով: Նման անհեթեթություն գոյություն չունի նույնիսկ հայկական հայտնի անեկդոտներում:

Եվ վերջում… Փաշինյանը լռել է մի շատ կարևոր բանի մասին. երբ հայկական «Իսկանդեր»-ի մի զույգ վատ թիրախավորված հրթիռներ պայթել են Ադրբեջանի ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող նավթագազային օբյեկտների մոտ, Բաքուն հստակ հասկացել է, որ իրենք պետք է վերջ տան պատերազմին: Եվ դուք նույնպես պետք է հասկանաք, թե ինչ ահռելի կորուստներ կունենար Ադրբեջանի տնտեսությունը, նույնիսկ եթե «Իսկանդեր»-ի մարտագլխիկը աշխատեր միայն Փաշինյանի ասած ծիծաղելի 10%-ով… Բայց Բաքվի համար ծիծաղելի չէր լինի»,– ասել է փորձագետը:

Նշենք, որ նախօրեին 1in.am-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությանը, ըստ որի՝ ինքը զարմացած է, թե ինչու պատերազմի 3-րդ կամ 4-րդ օրն «Իսկանդեր»-ը չի կիրառվել:

Նվեր Մնացականյանը Փաշինյանից հետաքրքրվել է՝ այդ ակնարկն իրե՞ն է ուղղված, ինչին ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասել է. «Այդ ակնարկը, գուցե, հասցեագրված է նաև ինձ, բայց կարծում եմ՝ մերժվածը պետք է որ բազմաթիվ հարցերի պատասխան իմանա և չտա հարցեր, որոնց պատասխանն ինքը գիտի: Իսկ գուցե պատասխանե՞ն՝ ինչո՞ւ կրակած «Իսկանդեր»-ը (հրթիռը, – խմբ.) չի պայթել կամ պայթել է, օրինակ՝ 10 տոկոսով»: Դիտարկմանը՝ այդպե՞ս էլ է լինում, Փաշինյանը նշել է. «Չգիտեմ: 80-ականների զե՞նք էր գուցե»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում