Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Եթե նպատակ ունենք զարգացնել հայ-ուսական հարաբերությունները, ապա ցանկալի չէ ասել բաներ, որոնք կասկածի տակ են դնում դրանց որակը․ Մարգարովը՝ «Իսկանդերի» վերաբերյալ Փաշինյանի հայտարարության մասին

Ռուսական կողմը պոտենցիալ մեսիջը կարող է տեսնել այն արտահայտության շրջանակներում, որը փետրվարի 23–ին, որը Ռուսաստանում հայրենիքի պաշտպանության օրն է, արել է Նիկոլ Փաշինյանը։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը՝ անդրադառնալով Փաշինյանի հայտարարությանը, թե նախկին իշխանությունները գուցե պատասխանեն, թե ինչու կրակած «Իսկանդեր»-ը չի պայթել կամ պայթել է 10 տոկոսով։

«Այս տեսանկյունից այս արտահայտության սիմվոլիկան Ռուսաստանում կարող են տեսնել ոչ այդքան միանշանակ և բնականաբար ոչ այնքան հաճելի այն տեսանկյունից, որ այն զինատեսակը, որը Ռուսաստանը հպարտությամբ ներկայացնում է որպես իր զինանոցի կարևոր բաղադրիչը, որն ունի համապատասխան նշանակություն, դիտվում է իր ռազմավարական գործընկեր երկրի ղեկավարի կողմից որպես զենք, որը չի ծառայել իր նպատակին»,– ասաց քաղաքագետը՝ նշելով, որ այդպիսի մեկնաբանություն չենք կարող բացառել։

Ըստ նրա՝ հնարավոր է, որ կարիք լինի լրացուցիչ պարզաբանման Նիկոլ Փաշինյանի այդ ասածի հետ կապված, թե արդյոք դա կոնկրետ մասնագետների խնդիր է եղել, որոնց ունակությունները, գիտելիքները չեն բավարարել օգտագործել զենքը, թե դա եղել է կոնկրետ զենքի հետ կապված խնդիր, թե այդպիսի բան ընդհանրապես չի եղել։ Նա նկատեց, որ այլ աղբյուրներից եղած տեղեկությունների համաձայն՝ զենքը օգտագործվել է, իսկ թե ինչ հաջողության են հասել, դա ավելի շատ ռազմական փորձագետների հարցն է։

Հարցին, թե արդյոք սրանով վնաս է հասցվում ռուսական հարաբերություններին, հաշվի առնելով այն արձագանքը, որը արդեն կա ռուսական մամուլում, Ալեքսանդր Մարգարովն ասաց, որ գոյություն ունեցող փոխհարաբերությունների մակարդակի մեջ այդպիսի հայտարարությունները կարող են չդիտվել որպես համագործակցությանը նպաստող և խորացնող քայլեր։ Նա նշեց, որ եթե մենք խոսում ենք հայ–ռուսական համագործակցության մասին՝ այդ թվում ռազմատեխնիկական ոլորտում, մենք նշում ենք, որ մեր զինանոցի բացարձակ մեծամասնությունը գնվում է Ռուսաստանից և այստեղ առաջանում է համապատասխան հարց, որ կա դժգոհություն որակի հետ, կամ կարող է դիտվել որպես փորձ՝ հրաժարվել այդ աղբյուրից։

Ալեքսանդր Մարգարովը նկատեց, որ մեր կողմից Ռուսաստանը դիտվում է որպես շատ կարևոր դերակատար կայունության և ինչ–որ իմաստով անվտանգության պահպանման մեջ մեր տարածաշրջանում։ «Ելնելով դրանից, որ եթե մենք նպատակ ունենք խորացնել և զարգացնել մեր հարաբերությունները ցանկալի է անել համապատասխան հայտարարություններ, որոնք բխելու են այսպիսի փոխհարաբերություններից, այլ ոչ թե հայտարարություններ, որոնք կասկածի տակ են դնում փոխհարաբերությունների որակը»,–ասաց նա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում