Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են. Սեյրան Օհանյան (տեսանյութ)

Մեր նպատակը մեկն է, մեր նպատակը մեծ է, ռազմավարական է, և մենք, քայլ առ քայլ ճանապարհին ամեն ինչ հարթեցնելով, գնում ենք դեպի հաղթանակ: Այնտեղ, որտեղ ժողովուրդն ու բանակը միասնական են, նրանք անպարտելի են: Այս մասին այսօր Երևանի Ազատության հրապարակում «Բանակը պահանջում է Նիկոլ Փաշինյանի հրաժարականը» ակցիայի ժամանակ իր ելույթի ժամանակ ասաց գեներալ-գնդապետ, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը:

«Այս պատերազմի ընթացքում, որոշ ժամանակահատվածներում բանակը մենակ էր մնացել: Մեզ՝ բոլորիս համար հասկանալի է, որ այս ամենի արդյունքն է ոչ լիարժեք, անգրագետ ապիկար կառավարման, որովհետև այս իշխանությունները և ՀՀ-ի կառավարության ղեկին նստած անձնավորությունը կառավարման որևէ հատկանիշ չունի և նրա կառավարման հատկանիշների արդյունքում է, որ բանակը մնաց միայնակ»,– ասաց նա:

Օհանյանի խոսքով՝ ամբողջ պատմության ընթացքում հայ ազգը միասնական է եղել, բանակի թիկունքին է եղել ժողովուրդը, մտավորականները, կամավորները, և բանակը հաղթանակ է տարել այսպես: «Հարևան հրապարակում այս ապիկար իշխանության ղեկավարն իր կողքն է հավաքում իր համախոհներին, ես որևէ մեկին չեմ մեղադրում իր կարծիքի համար, բայց ինչու այդ նույն կերպով ՀՀ վարչապետը չվարվեց պատերազմի ժամանակ, որովհետև բանակը, ժողովուրդը նրան պետք էր միայն ինքնագովազդով զբաղվելու համար: Իհարկե, նա չի կարող ինքնագովազդով երկիր ղեկավարել»:

Արցախի հերոսը նշեց, որ Նիկոլ Փաշինյանը մի որոշ ժամանակ առաջ հոծ բազմություն հավաքեց ու գնաց Եռաբլուր՝ գրկելով զինված զինծառայողների ծնողներին, բայց այդ նույնը չարեց պատերազմի ժամանակ, չհավաքեց ժողովրդին ու չգնաց հայրենիքը պաշտպանելու, թև-թիկունք չկանգնեց բանակին, սպային, զինծառայողին:

«Սա է ամենակարևոր առանցքը, որ նա հիմնահատակ ջախջախել է մեր ժողովրդի միասնության գաղափարն այս պատերազմի ժամանակ: Ես չեմ զարմացել սրանից, որովհետև նա դա արել է 2,5 տարվա ընթացքում՝ պառակտելով հասարակությունը, բաժանել հների և նորերի, սևերի և սպիտակների»,- ասաց նա և հավելեց, որ այս երկրի ղեկավարը չի էլ հասկացել, որ բանակում հին լինելը նշանակում է փորձառու լինել:

Օհանյանը նշեց նաև, որ ԳՇ պետի պաշտոնից Տիրան Խաչատրյանին ազատելու որոշումն անհասկանալի էր, քանի որ Նիկոլ Փաշինյանը չի էլ հասկանում, թե ինչքան մեծ է Խաչատրյանի դերը բանակում: «ԳՇ պետը Արցախյան ազատամարտի ժամանակ 19 տարեկանում, թողնելով իր ուսումը բուհում, զենք վերցրեց ու մեկնեց պատերազմ: Ո՞ւր էր այդ ժամանակ Նիկոլը, թաքնվել էր իր եղբայրների թիկունքում՝ ասելով, թե սովորում եմ ինստիտուտում: Եթե հայրենասեր էիր, վերցնեիր զենքը»,– շեշտեց նա և հավելեց, որ սա ոչ թե հեղաշրջում է, այլ ժողովրդի և բանակի միացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում