Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, արտահերթ նիստ չի լինի

Ազգային ժողովի խորհրդի նիստը չի կայացել, հետևաբար «Լուսավոր Հայաստան» և «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունների նախաձեռնած ԱԺ արտահերթ նիստը չի կայանա։

«Այսօրվա արտահերթ նիստ հրավիրելու շարժառիթն այն էր, որ երկրում ստեղծվել է այնպիսի մի իրավիճակ, որն անպայման հանգուցալուծում է պահանջում։ Եվ Գլխավոր շտաբի հայտնի հայտարարությունից հետո նաև բազմաթիվ գեներալներ՝ Ոստիկանության, ԱԱԾ-ի, դիմում են գրել, որ պետք է միանան այդ հայտարարությանը։ Սա արդեն մեր գնահատականով էքստրեմալ իրավիճակ է»,- Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը։

Նրա խոսքով՝ այդ պատճառով այսօր առավոտից նախաձեռնել էին ԱԺ արտահերթ նիստ՝ հետևյալ օրակարգով՝ ռազմական դրության չեղարկում և ստեղծված իրավիճակի քննարկում։

«Ազգային ժողովը պարտավոր է, մենք պատգամավորներ ենք, պարտավոր ենք գնահատական տալ ստեղծված իրավիճակին՝ հաշվի առնելով, որ մենք խորհրդարանական երկիր ենք։ Փաստաթղթերը ժամանակին ուղարկվել են ԱԺ քարտուղարություն, որևէ արձագանք չի եղել։ Հիմա մենք եկանք, 17։30 նշանակված էր ԱԺ խորհրդի նիստ, դուռը փակ է։ Դրան զուգահեռ Ազատության հրապարակից երթով այստեղ բազմահազար ժողովուրդ է եկել»,- ասաց Մելքումյանը։

Նա հավելեց՝ սա նշանակում է, որ իշխանությունը հոգեվարքի մեջ է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում