Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ. Հրանտ Մելիք-Շահնազարյան (տեսանյութ)

Արմեն Սարգսյանը իր սովորույթի համաձայն փորձում է տեսնել, թե կշեռքի նժարները որ կողմ կթեքվեն, որպեսզի այդ կողմի վրա էլ կողմնորոշվի, այսինքն` ժամանակ է շահում՝ հասկանալու, թե արդյոք այս շարժումը հաջողության կհասնի: Այս մասին այսօր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի և բանակին աջակցելու ակցիայի ժամանակ Բաղրամյան պողոտայում Tert.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը՝ խոսելով այն մասին, որ ՀՀ նախագահն է ընտրելու աշխատանքից ազատել, թե չազատել ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին:

Խոսելով նմանօրինակ որոշումների և նախագահի դիրքորոշման մասին՝ քաղաքագետը նշեց. «Իրականում սա այդքան էլ ազնիվ մոտեցում է չէ նախագահի կողմից, որովհետև պարզ և միանշանակ է, որ երկիրը ճգնաժամի մեջ է, Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ընտրություն է առաջարկել` կա’մ ինքը լինի վարչապետ, կա’մ մենք չունենանք բանակ, և այս իրավիճակում նախագահը՝ որրպես երկրի անվտանգության հիմնական պատասխանատու, պետք է հասկանա, որ ինքն էլ է պարտավոր ընտրություն կատարել և այդ ընտրությունը պետք է լինի հօգուտ պետականության զարգացման, կայունության»:

Հարցին, թե ինչ տեղի կունենա, եթե նախագահն այդ փաստաթուղթը չստորագրի և առհասարակ հնարավո՞ր է արդյոք, որ բանակը դուրս գա հեղաշրջման, քաղաքագետ Արմեն Մինասյանը պատասխանեց, որ այսօր երևում է՝ Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանի առաջարկի մեջ քաղաքական էլեմենտներ է տեսնում: «Մենք ստանում ենք ապացույցն այն բանի, որ որոշ մարդիկ կեղծ մանիպուլացիաներով փորձում են կառչած մնալ իրենց աթոռներից»:

«Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը նշեց, որ այսօր մարդիկ ականատես եղան, որ դավաճանված բանակի սպայական կազմը բարձրացրեց իր ձայնն ու ասաց, որ անհնար է հանդուրժել ազգակործան քաղաքականությունը, որը վարում է այս իշխանությունը:

«Եվ Անդրանիկ Քոչարյանի նմաններն իրենց աշխատավարձի, պարգևավճարների համար պատրաստ են նույնիսկ կրակել ժողովրդի վրա, որպեսզի շարունակեն ստանալ իրենց պարգևավճարները»,-ասաց նա և հավելեց, որ ժողովուրդն ամեն դեպքում չի վախենա նման հայտարարություններից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում