Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի դիմումը դեռ չի ստորագրել

Արմեն Սարգսյանն Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու՝ Փաշինյանի դիմումը դեռ չի ստորագրել

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանին պաշտոնից ազատելու վերաբերյալ վարչապետի որոշումը դեռ չի ստորագրել։ Այդ մասին 24News-ին հայտնել են նախագահականից։

Նշենք, որ նախագահը, դիմումը ստանալու օրվանից սկսած, 3 օր ժամանակ ունի ստորագրելու համար Օնիկ Գասպարյանին ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնից ազատելու հրամանագիրը ստորագրելու կամ այլ որոշում կայացնելու համար։

Ըստ ՀՀ Սահմանադրության 133–րդ հոդվածի՝ ՀՀ նախագահը, վարչապետի առաջարկությամբ, օրենքով սահմանված դեպքերում և կարգով նշանակում և ազատում է զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը: Իսկ ըստ Սահմանադրության 139–րդ հոդվածի հիմքի՝ Հանրապետության նախագահը կարող է համապատասխան ակտը եռօրյա ժամկետում իր առարկություններով վերադարձնել առաջարկություն ներկայացնող կամ միջնորդությամբ դիմող մարմին: Եթե իրավասու մարմինը չի ընդունում այդ առարկությունը, ապա նախագահը ստորագրում է համապատասխան ակտը կամ դիմում է Սահմանադրական դատարան: Եթե Հանրապետության նախագահը չի կատարում նշված կետերից որևէ մեկը, ապա համապատասխան ակտն ուժի մեջ է մտնում իրավունքի ուժով:

Հիշեցնենք, որ ՀՀ զինված ուժերը փետրվարի 25-ին հայտարարություն է տարածել՝ պահանջելով ՀՀ վարչապետի և կառավարության հրաժարականը, միաժամանակ նախազգուշացրել են ձեռնպահ մնալ ժողովրդի դեմ ուժ կիրառելուց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում