Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան

Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք․ Լենա Նազարյան

Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են։ Այս մասին այսօր՝ փետրվարի 26-ին, «Սիվիլնեթի» հետ զրույցում նշել է Ազգային ժողովի փոխնախագահ Լենա Նազարյանը։

«Գլխավոր շտաբի քաղաքական հայտարարությունից հետո տեղի ունեցան երեկվա իրադարձությունները։ Եվ ես կարծում եմ, որ այս իրավիճակում անելիք ու պատասխանատվություն ունեն և կառավարող ուժը, և ընդդիմությունը։ Բայց կառավարող ուժը արել էր և երեկ էլ արեց քայլ ընդառաջ՝ այս ամենի հանգուցալուծմանն ուղղված քննարկումներ սկսել, որոնցից մեկը կարող է լինել արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Ընդդիմությունը՝ և խորհրդարանական, և արտախորհդարանական, մերժել են այս առաջարկը։ Եթե ընդդիմությունը չի ընդունում, որ սա հանգուցալուծման ճանապարհ է, ապա կա վտանգ, որ ընտրություններից հետո էլ ընդդիմությունը կարող է անել հավաքներ, ակցիաներ, այսինքն՝ այն, ինչը հիմա է անում, ոչ մի տարբերություն։ Իրենք պետք է համաձայնվեն, որ դա պետք է լինի խաղաղ, արդար, ազատ, թափանցիկ ընթացքով, հակառակ դեպքում՝ մի հրապարակը գոռում է «Նիկոլ, վարչապետ», մյուս կողմը՝ «Նիկոլ, դավաճան» և արդյունքում հարցը չի հանգուցալուծվում»,- ասաց Լենա Նազարյանը։

Լենա Նազարյանի կարծիքով՝ ընդդիմությունը չի ուզում գնալ խորհրդարանական ընտրությունների, քանի որ նրանց ոչ թե հետաքրքրում է, թե ինչ է ուզում ժողովուրդը, այլ այն, որ գործող իշխանությունն ուղղակի գոյություն չունենա։

«Որպեսզի հանգուցալուծում տեղի ունենա, այն ուժերը, որոնք մարդկանց հրապարակներ են տանում, պետք է հանգուցալուծման ցանկություն ունենան։ Իմ պատկերացմամբ՝ նրանք հանգուցալուծում չեն ուզում։ Չեն ուզում ժողովրդին հարցնել, թե ինչ է ուզում ժողովուրդը։ Նրանք պարզապես ուզում են, որ մենք գոյություն չունենանք, բայց մեր գոյությունն ինքնանպատակ չէ։ Ուրիշ խումբ մարդիկ մտածում են, որ մենք պետք է լինենք, քանի որ մեզ հետ են կապում Հայաստանում որոշ գործընթացների շարունակակությունը։ Նրանք մեզանից ակնկալիքներ ու պահանջներ ունեն։ Հիմա ի՞նչ անել, այդ մարդկանց հետ ինչպե՞ս վարվել։ Մեր առաջարկն է գնալ ամենակառուցողական ճանապարհով։ Արտահերթ ընտրությունները հանգուցալուծման ճանապարհներից մեկն է, բայց վարչապետը երեկ հրավիրեց քննարկումների, կարող են լինել այլ ճանապարհներ։ Եթե իրենց առաջարկը հրաժարականն է, ապա մերը ընտրություններն են»,- նշեց Լենա Նազարյանը։

Լենա Նազարյանի խոսքով՝ նախքան Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանի հրամանը ստորագրելը կամ չստորագրելը, նախագահ Արմեն Սարգսյանը պետք է բացի Սահմանադրությունը։

«Նախագահը կարող է վերցնել Գլխավոր շտաբի հայտարարությունը և բացել Սահմանադրության 14-րդ հոդվածը, որտեղ նշված է, որ Զինված ուժերը պետք է ապաքաղաքական լինեն, և՝ տեսնի այդ հայտարարության մեջ քաղաքական հայտարարություններ արված են, թե՝ ոչ։ Միանշանակ, քաղաքական հայտարարություններ արված են։ Պետք է շատ հստակ արձանագրվի, որ բանակը և զինվորականությունը չպետք է քաղաքական հայտարարություններ անի, պետք է քաղաքական չեզոքություն դրսևորի»,- նշեց Նազարյանը։

Ըստ Լենա Նազարյանի՝ Նիկոլ Փաշինյանի՝ «Իսկանդերի» մասին հայտարարությունից հետո հայ-ռուսական հարաբերությունները չեն տուժել։

«Չեմ կարծում, որ այդ հայտարարությամբ հայ-ռուսական հարաբերությունները մեծ վնաս են կրել, որովհետև չի կարող երկար տարիների հիմնավոր համագործակցությունը վնաս կրել այդ հայտարարություններից»,- նշեց Նազարյանը։

Լրագրողի դիտարկմանը, թե օրինակ ՀԱՊԿ-ի գլխավոր քարտուղար, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովի նկատմամբ քրեական գործ հարուցելը չի՞ վնասել հայ-ռուսական հարաբերությունները, ԱԺ փոխխոսնակը հակադարձեց․ «Եթե որոշ անձերի նկատմամբ կան իրավական հարցեր, ինչպե՞ս վարվել այդ դեպքում, չտա՞լ այդ հարցերը»։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում