«Փաշինյանի կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ»․ Կոնստանտին Զատուլին

«Փաշինյանի կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ»․ Կոնստանտին Զատուլին

ՌԴ Պետդումայի ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինը «Կոմսոմոլսկայա պրավդա» թերթին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին։

«Այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, Նիկոլ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնից հեռանալու մասին որոշումը ձգձգելու օրինաչափ արդյունք է։ Նա կառչում է իշխանությունից, փորձում է իրար դեմ լարել ընդդիմության առաջնորդներին։ Իսկ ամենակարևորը՝ Հայաստանի և Ղարաբաղի հետ տեղի ունեցածում կտրականապես չի ցանկանում տեսնել սեփական մեղքը։

Փաշինյանը վախենում է։ Բայց այդ վախն արդեն իռացիոնալ բնույթ է ստացել։ Եվ Հայաստանի ապագայի ճանապարհին, անշուշտ, այսօր առկա է ներքին խնդիր, որը լուծված չէ։ Խոսքը Փաշինյանի հաշվեհարդարի մասին չէ։ Խոսքն այն մասին է, որ ներկայիս կառավարության օրոք Հայաստանի ոգու և պաշտպանունակության ոչ մի վերածնունդ հնարավոր չէ ։ Դա հասկանում են բոլոր այն մարդիկ, ովքեր ինչ-որ չափով գիտակցում են տեղի ունեցածը»,- ասել է Կոնստանտին Զատուլինը։

Զատուլինի խոսքով՝ «Փաշինյանի՝ այս անգամ ռուսական զենքի և հայ զինվորականների դեմ արարքը վերջին կաթիլն էր, որը լցրեց հայերի համբերության բաժակը։ Բացի այդ, Փաշինյանը իրականում ձևացնում է և իրական քայլեր չի ձեռնարկում Հայաստանում ստեղծված քաղաքական ճգնաժամը լուծելու համար»։

Զատուլինը, մեկնաբանելով Փաշինյանի այն հայտարարությունը, որ «միայն ժողովուրդն է իրավասու լուծել իշխանության հարցը», նշել է․ «Նա հիմարացնում է հայ հասարակությանը։ Նա լավ հասկանում է, որ եթե ժողովրդին թույլատրվի որոշում կայացնել, ապա նա իշխանության չի գա»։

«Ես ուզում եմ նկատել, որ այս ամենը կտրուկ հակադրում է 2018 թվականի պատմության հետ, երբ իշխանությունը, ըստ էության, սկուտեղի վրա հանձնվեց Փաշինյանին, այն բողոքի ակցիաների տպավորության տակ, որն այդ ժամանակ կարողացավ կազմակերպել։ Իսկ հիմա արդեն նա արհամարհում է բողոքի ակցիաները, արհամարհում է իր ընդդիմախոսներին, և առհասարակ չի կարծում, որ տեղի ունեցածը Հայաստանի ամենամեծ պարտությունն է։ Բայց պարզ է, որ հավերժ այդպես շարունակվել չի կարող։ Չգիտեմ, թե ինչով կավարտվի այս դրվագը, բայց հիմա խոսքը մի կողմից վարչապետի, մյուս կողմից բոլորի, այդ թվում՝ բանակի դիմակայության մասին է»,- հավելել է Զատուլինը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում