Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը. Իգոր Սարգսյան

Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը.  Իգոր Սարգսյան

Այնտեղ, որտեղ ճիշտ կազմակերպվեց պաշտպանությունը, կասեցվեց թշնամին՝ ծանրագույն զոհերի գնով, բայց կասեցվեց թշնամու առաջխաղաղացումը։ Այնտեղ, որտեղ խաբեցին, մեր զավակներին տարան կոտորման։ 5 հազար զավակ, դեռ ընտանիք չկազմած, սերունդ չտված, 5 հազար աղջիկ մնացին մենակ, չունեցանք մեր ազգի համալրումը, մեր զինվորների համալրումը։ Այս մասին քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ընդդիմության ընթացող հերթական հանրահավաքի ժամանակ իր ելույթում ասաց «ՀՅԴ կամավորական շարժում» ՀԿ խորհրդի անդամ Իգոր Սարգսյանը։

«Առաջին իսկ օրերից զգացվում էր, որ մեր թիկունքից այս իշխանությունը ծախում է հայրենիքը՝ քայլ առ քայլ, սխալ ինֆորմացիայով, ոչ ճիշտ կազմակերպելով, թյուրիմացության մեջ գցելով, մարդկանց առանց հրամանատարների մարտի դաշտ տանելով»,- ասաց նա։

«Այսօր այդ նույն դավաճանները հերթական քայլով ուզում են բանակը քանդել, երբեք թույլ չենք տա։ Հարյուրամյակներով պետականություն կորցնելուց հետո մենք ստեղծեցինք մեր պետականությունը, քարտեզի վրա գծվեց Հայաստան պետությունը, այսօր երեւի մի 2 կոպեկի համար ծախում են հանգիստ՝ առանց խղճի խայթ զգալու»,- պնդեց Սարգսյանը։

«Քո կողքին ենք, իմ սիրելի մարտական ընկեր Տիրան Խաչատրյան, վստահ եղիր, մենք քո կողքին ենք։ Մարտական ընկեր գեներալներ, գնդապետներ, սպաներ, վստահ եղեք, որ ժողովուրդը ձեր կողքին է։ Մենք կյանքի գնով երդվել ենք 30 տարի առաջ, մեր պետականությունը, մեր ազգի պաշտպանությունն ապահովել, այսօր էլ վերահաստատում ենք մեր երդումը։ Մեր կյանքը ոչ մի բան չի արժենա, եթե չլինի հայի տեսակը, հայը»,– ասաց Սարգսյանը՝ դիմելով Օնիկ Գասպարյանին և Տիրան Խաչատրյանին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում