«Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ)

«Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են քո հրաժարականը». Կապանի քաղաքապետ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան, կապանցիները պահանջում են ձեր հրաժարականը, կանգնեցրեք այս ծանրագույն վիճակը և թույլ տվեք կայունացնել երկիրը: Այս մասին այսօր Կապանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիայի ժամանակ ասել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը:

«Կապան համայնքում առաջացած հետպատերազմյան իրավիճակը մեզ ավելի ու ավելի վճռական է դարձնում, հասկանում ենք՝ Նիկոլի և նրա կազմի հրաժարականը խիստ անհրաժեշտություն է: Պարոն Փաշինյան, ասում եք՝ բոլորը ձեր եղբայրներն են, խնդրում ենք ձեզ, պահանջում ենք, կանգնեցրեք մեր պետության գահավիժման ընթացքը, դա դուք կարող եք անել ձեր հրաժարականով»,-ասաց Գևորգ Փարսյանը:

Փարսյանը քաղաքացիներին ներկայացրեց իրավիճակը դեկտեմբեր ամսվա դրությամբ, երբ պահանջել են նահանջել և զիջել կարևորագույն սահմանագծեր, իսկ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը տեղյակ չի եղել այդ որոշումներից և իրենց սատարելով՝ ասել՝ պետք է պայքարենք, կռիվ տանք և երբևէ չհանձնեք այս կարևորագույն սահմանագծերը:

«Նոյեմբերի 9-ից մտավախություն կար, որ հնարավոր է դեկտեմբերին ինչ-որ բնագծեր զիջենք, ես խնդրեցի հանդիպել Օնիկ Գասպարյանի հետ, նոյեմբերի 23-24-ին մեր գեներալ Վալերի Քոչարյանի հետ հանդիպեցինք Գասպարյանի հետ, այնտեղ նաև ներկա էին վարչապետի հրաժարականը պահանջող ԳՇ-ի գրեթե բոլոր գեներալները: Պարոն Գասպարյանը ասեց այդ սահմանագծերի կարևորության մասին և այդ անվտանգության գոտու հատվածի մասին անգամ չպետք է քննարկումներ լինեն, եթե այդ գոտու հարցը քննարկվի, ապա այդ բնագծերի համար պայքար կմղվի և այդ անկլավը ոչ մի պարագայում չի զիջվի»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Նրա խոսքով՝ Օնիկ Գասպարյանը հորդորել է, որ տվյալ տարածքներում ԶՈՒ-ը պետք է ամրանան և շահեկան տեղ գրավեն. «Օնիկ Գասպարյանը ասաց՝ ամրանում ենք և մենք սկսեցինք ամրանալ, մեր համար շահեկան բարձրունքներ գրավեցինք, բայց 15-ին մեզ հյուր եկավ ռուս խաղաղապահներից մեկը և հարցրեց՝ երբ եք պատրաստվում այդ բնագիծը զիջել և ես մնացի շվարած, մեզ ասեցին՝ ո՞նց, տեղյա՞կ չեք»,- ասաց նա:

Գևորգ Փարսյանը նշեց, որ կապանցիներով ստիպված են եղել ճանապարհը փակել, բայց այդ մշակույթը Նիկոլ Փաշինյանի հետ պետք է վերանա: Փարսյանը հավելեց՝ շատ ցավալի է, որ քաղաքացու ձայնը լսելի դարձնելու համար պետք է ճանապարհ փակել, և կրկնակի ցավալի է, որ տվյալ ժամանակահատվածում ճանապարհ փակելու մեթոդը աշխատեց. «Այս երկրում այս իշխանությունների օրոք, եթե ուզում ես լսված լինել, պիտի ճանապարհ փակես»:

Քաղաքապետի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը փորձում է պաշտոնից հեռացնել մի մարդու, ով այդ ողջ ընթացքում հայրենասեր կերպով փորձել է խոչընդոտել տարածնքերի զիջմանը, և իր կազմում է պահում նախարարի, ով գրչի հարվածով կարևորագույն տարածքներ է հանձնում:

«ԳՇ պետը տեղյակ չէր՝ ինչ է կատարվում. այն մարդուն, որ հայրենասեր է, նվիրված իր գործին, ուզում են հեռացնել, իսկ նախարարին, որի համար ընդհանրապես հետաքրքիր էլ չի մեր սահմանների անվտանգությունը, գրչի մի հարվածով ստորագրում է հուշագիր, որտեղ հստակ ասվում է՝ դեկտեմբերի 18-ին պետք է Զանգելանի ու Կուբաթլուի շրջաններից դուրս բերենք մեր զորքերը»,- ասաց Գևորգ Փարսյանը:

Որպես խոսքի ամփոփում՝ Գևորգ Փարսյանը նշեց՝ քաղաքական և հասարակական ճգնաժամը ունի միայն մեկ լուծում և եթե այդ լուծումը չլինի, ապա երկիրը կգնա վերջնական կործանման:

«Մեր երկրում խորը ճգնաժամ է, քաղաքական քաոս և համակարգը երկրում պարզապես չի աշխատում և մեզ օրեցօր տանում է կործանման, մեր երկրին պետք է կայունություն ու ստաբիլություն, որը կբերի համակարգի աշխատելուն, իսկ համակարգը կաշխատի միայն ու միայն Նիկոլի հրաժարականով և նոր ընտրություններով»,- ասաց նա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում