Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը

Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի տարածքները համարվում են բռնազավթված. ԱՀ ԱԺ հայտարարությունը

Մարտի 1-ին կայացած Արցախի Հանրապետության Ազգային Ժողովի արտահերթ նիստում միաձայն ընդունվել է հետևյալ հայտարարությունը.

– 1991թ. սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախությունը հռչակվել է ԽՍՀՄ օրենսդրության և միջազգային իրավունքի նորմերի վրա,

– Արցախի Հանրապետությունը 1992-1994թթ. հետ է մղել Ադրբեջանի Հանրապետության սանձազերծած ագրեսիան՝ ուղեկցված միջազգային հումանիտար իրավունքի բազմաթիվ խախտումներով,

– Արցախի Հանրապետությունը, որպես հակամարտության կողմ, տարբեր ձևաչափերով մասնակցել է 1992-2020թթ. ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ընթացող բանակցություններին՝ տարածաշրջանային կայունության ապահովման և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման նպատակով,

– Ադրբեջանի Հանրապետությունը, խախտելով ԵԱՀԿ Մինսկի խմբի և համանախագահ պետությունների առջև ստանձնած ուժի և ուժի սպառնալիքի կիրառումից հրաժարվելու պարտավորությունը, 2020թ. սեպտեմբերի 27-ին լայնածավալ ռազմական գործողություններ է ձեռնարկել Արցախի Հանրապետության դեմ, որին զոհ են գնացել հազարավոր մեր հայրենակիցներ՝ ինչպես խաղաղ բնակչության շրջանում, այնպես էլ Պաշտպանության բանակի շարքերից, միտումնավոր ոչնչացվել են Արցախի Հանրապետության քաղաքացիական ենթակառուցվածքներն ու մշակութային ժառանգությունը:

Հիմք ընդունելով վերը նշված իրողությունները՝ Արցախի Հանրապետության Ազգային Ժողովը հայտարարում է.

– Մինչ այս պահը Ադրբեջանի վերահսկողության տակ հայտնված Արցախի Հանրապետության տարածքները համարվում են բռնազավթված (օկուպացված) Ադրբեջանի Հանրապետության կողմից,

– Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի իրականացրած ագրեսիան և նշված տարածքների բռնազավթումը որևէ իրավական ազդեցություն չեն կարող ունենալ ապագա բանակցությունների ընթացքում Արցախի Հանրապետության կարգավիճակի ու սահմանների գործընթացում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում