Մատվիենկոն խոսել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին

Մատվիենկոն խոսել է Ղարաբաղի վերաբերյալ համաձայնագրի մասին

Ռուսաստանը հուսով է, որ Հայաստանը կհետևի Ղարաբաղի հարցով եռակողմ համաձայնագրին՝ անկախ Երևանում տեղի ունեցող իրադարձություններից։ ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում այս մասին ասել է Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն։

«Մենք հույս ունենք, որ Հայաստանի ղեկավարների պատասխանատվությունը շատ մեծ կլինի։ Ինչ իրադարձություններ էլ տեղի ունենան, պետք է շարունակականություն լինի։ Ցանկացած շարժում, ցանկացած քայլ, որը կհակասի այդ համաձայնագրին, կարող է հանգեցնել մեծ ողբերգության, դա չի կարելի թույլ տալ», – նշել է նա։

Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակի խոսքով՝ Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագիրը կայունություն է բերել Անդրկովկաս։

«Գործընթացները շարունակվում են, դրանք բարդ են, ամեն օր այս կամ այն նրբություններ են ի հայտ գալիս։ Բայց գլխավորը՝ համաձայնությունը ձեռք է բերվել, և այժմ պետք է հասնել նրան, որ այն շարունակի իրականացվել ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն», – ընդգծել է Մատվիենկոն:

Նրա խոսքով՝ եռակողմ համաձայնագիրը, որը ստորագրել են Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները, շատ կարևոր էր զինված հակամարտության զարգացումը կանխելու տեսանկյունից, և դա Ռուսաստանի նախագահի անձնական մեծ վաստակն է, փոխզիջումներ գտնելու և պայմանավորվելու նրա ունակության արդյունքը:

«Ռուս խաղաղապահների մուտքը պայմաններ ստեղծեց այդ տարածաշրջանի կայունության և խաղաղ կյանքին վերադառնալու համար։ Մեր խաղաղապահները հսկայական աշխատանք են կատարում ականազերծման, բնակարանների և շենքերի վերականգնման ուղղությամբ, օգնում են փախստականների անվտանգ վերադարձի հարցում»,– նշել է Մատվիենկոն:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում