Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն

Նոր թանկացում. վարորդներն իրենց խախտումները բողոքարկելու համար պետտուրք կվճարեն

ՀՀ Ազգային ժողովն այսօր քննարկեց «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների ու կից նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է դատարան դիմողների համար սահմանված տուրքերի նոր դրույքաչափեր սահմանել։ Կառավարության առաջարկած փոփոխությունները խորհրդարանում ներկայացրեց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը:

Փոխնախարարը հայտարարեց, որ տուրքի որոշ տեսակներ Հայաստանում սահմանվել են 1999-ին ու մինչ օրս որևէ փոփոխության չեն ենթարկվել:

«Այժմ սահմանվում է, որ առաջին ատյանի դեպքում սահմանվում է մինչև 25 մլն, վերաքննիչ դեպքում՝ մինչև 15 մլն, վճռաբեկի դեպքում՝ մինչև 10 մլն»,-ասաց փոխնախարարը։

Սնանկության վարույթով, նրա խոսքով, տուրքը 500 000–ից դառնում է 1 մլն և 500 000 դրամ։

Իսկ շարքային քաղաքացիների այնպիսի գործերի համար, ինչպիսիք են ալիմենտային վճարի պարտավորեցումը, ընտանեկան բռնության դեպքում դատարան դիմելը, ընտրությունների մշտադիտարկմանը մասնակցող ընկերությունների դատական հայցերը, տուրքը վերացվում է։

«Բացի այդ, նախատեսվում է շատ կարևոր դրույթ, որ դատարանը կարող է անձին ազատել պետտուրքի վճարումից, եթե նրա սոցիալական, գույքային դրությունը չի բավարարում»,– ասաց Դանիելյանը։

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը, պետտուրքի նոր դրույքաչափերին կողմ լինելով հանդերձ, մտավախություն հայտնեց, որ վեճերի այլընտրանքային լուծման եղանակների բացակայության ներկա պայմաններում, քաղաքացիներն այսկերպ կարող են զրկվել նաև դատական արդարադատության իրենց իրավունքից։

«Ու այստեղ իրավունքների պաշտպանության խնդիր է առաջանալու»,– ասաց Սամսոնյանը։

Նշենք, որ նոր դրույքաչափերի մասին նախագծերի փաթեթն ընդունվելու դեպքում ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման հաջորդ օրը:

 

Read more: https://armeniasputnik.am/society/20210302/26652073/dataran-dimely-ktankana-varordnern-irenc-khakhtumnery-boxoqarkelu-hamar-petturq-kvjaren.html

Հետևեք մեզ նաև Telegram-ում