Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին

Տիգրան Ավինյանը խոսել է ադրբեջանական կողմի հետ ստորագրված «գաղտնի» փաստաթղթի մասին

Այսօր Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը խոսեց հայտնի փաստաթղթի մասին, որի վերաբերյալ հայտարարություն չի արվել պաշտոնապես:

Խոսքը վերաբերում է հայտնի փաստաթղթին, որտեղ «Կապան»-ի փոխարեն գրված է եղել «Կաֆան»: Սիմոնյանը ցանկացավ իմանալ, թե ով է ստորագրել փաստաթուղթը, եթե ստորագրվել է ու ինչ հանգամանքներում է այն ստորագրվել՝ արդյո՞ք եղել է սպառնալիք:

Ամբիոնին մոտեցավ Տիգրան Ավինյանը, ով հայտարարեց, որ դեռևս դեկտեմբերի 19-ին ՊՆ-ն հայտարարություն է տարածել, համաձայն որի, ցիտում եմ. «Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության, Գորիս-Դավիթ Բեկ ճանապարհային հատվածում տեղակայվում են ռուս սահմանապահ ուժեր երթևեկության անխափանության նկատառումներով:

Գորիս-Կապան ավտոճանապարհի 21 կմ-ի անվտանգությունը կապահովվի ռուս սահմանապահների միջոցով: Շփման գծի մեկ կողմում կտեղակայվեն ՀՀ սահմանապահ զորքեր, մյուս կողմում՝ Ադրբեջանի սահմանապահ զորքեր»:

«Մենք անընդհատ կրկնում ենք, որ այս պայմանավորվածությունը եղել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերին ռուսական կողմի հետ, որն այն համաձայնեցրել է ադրբեջանական կողմի հետ»,-ասաց նա:

Սիմոնյանը նշեց, որ այդ փաստաթուղթը կիրառման կարող էր դրվել միայն ԱԺ-ի կողմից վավերացման արդյունքում, եթե դա չի արվել, եղել է իշխանության յուրացում. «Եթե ստորագրվել է, դուք այնպիսի իրավիճակի մեջ եք դնում ապագա սերունդներին, որ այն ստորագրողներին կամ պետք է դատել որպես հանցագործ, կամ հեռացնել որպես ոչ գործունակ անձնավորության, ինչից հետո մենք պետք է կարողանանք դուրս գալ այդ ստորագրության տակից»:

Ավինյանը նշեց, որ որևէ բանի տակից դուրս գալու անհրաժեշտություն չի լինի. «Ուրևէ իրավական խնդիր տվյալ հարցի մասով չկա ու չի լինելու»:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում