Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում

Գարեգին Բ. Ադրբեջանը ջանում է ջնջել հայկական հետքն Արցախում

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այսօր ասել է, որ ադրբեջանական իշխանությունները ջանում են ամեն գնով ջնջել հայկական հետքն ու հայկական ներկայությունը Արցախ աշխարհում։

«Ցավոք պիտի արձանագրենք, որ դեռեւս նախորդ տարվա նոյեմբերից պաշտոնական Բաքուն տարատեսակ խոչընդոտներով կասեցնում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախաձեռնությունը` մասնագետներ առաքելու Արցախ հայկական հոգեւոր-մշակութային ժառանգության վիճակի գնահատման համար:

 Վտանգավոր միտում է նկատվում Ադրբեջանի կողմից խեղաթյուրելու հազարամյակների հայկական հոգեւոր մշակույթի, մասնավորաբար Արցախի տարածքում եկեղեցական կառույցների պատկանելիության պատմական փաստերը:

Այդ նենգ նպատակի համար նաեւ գործի են դրվում պատմական հիմնավորում չունեցող, գիտական շղարշի տակ ներկայացվող թեզեր, որոնք հայկական եկեղեցիները, սրբավայրերը դիտարկում են որպես կովկասյան աղվանական ծագում ունեցող կառույցներ»,- առցանց համաժողովի ժամանակ նշել է Վեհափառը:

 Նրա խոսքով՝ Նախիջեւանի դարավոր հայկական գերեզմանի բազմաթիվ խաչքարերի իսպառ ոչնչացումը եւ դրա վերաբերյալ միջազգային հանրության ոչ համաչափ արձագանքը թերեւս առիթ է ընծայել Ադրբեջանին կարծելու, որ մշակութային ցեղասպանությունը կարող է մնալ անպատիժ:

«Ադրբեջանի կողմից հայկական ժառանգությունը սեփականացնելու նոր քաղաքականություն է իրագործվում, որի դրսեւորումներին ականատես ենք վերջին շրջանում։ Այս առումով այսօր հրամայական է գիտական անկողմնակալ մոտեցում ցուցաբերել ադրբեջանական զավթողական ու պատմության կեղծման քաղաքականության դեմ»,- ասել է Գարեգին Երկրորդը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում