«Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան

«Առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն». Ռուբեն Վարդազարյան

Երկու օր շարունակ Ազգային ժողովում (ԱԺ) Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ իմքայլական պատգամավորների կողմից իրականացված «հավատաքննությունից» հետո, այսօր Խորհրդարանում կրկին ակտուալ է ԲԴԽ նախագահի թեման, այս անգամ՝ արդեն առանց նրա:

Հիշեցնենք, որ ԱԺ-ն Վճռաբեկ դատարանի դատավորներ է ընտրում, բայց հարմար առիթն օգտագործելով՝ իշխող «Իմ քայլը» խմբակցության ներկայացուցիչները, անցնելով կոռեկտության բոլոր սահմանները, դրսևորելով օրենսդրության իմացության զրո մակարդակ՝ փորձում էին, մեղմ ասած, շատ վատ վիճակի մեջ դնել ԲԴԽ նախագահին:

Նկատենք, որ նույն վերաբերմունքին է արժանանում ցանկացած պաշտոնյա, ով փորձում է չենթարկվել իշխող ուժի թելադրանքին ու քիչ թե շատ անկախ գործունեություն ծավալել:

168.am–ը կապ հաստատեց ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ՝ հընթացս ցանկանալով պարզել նաև, թե ինչո՞ւ նա այսօր Խորհրդարանում չէ, և արդյո՞ք կաշկանդվածություն ունի երեկվանից հետո:

– Երկու օր Ազգային ժողովում էիք: Առիթը գիտենք, քննարկումներն էլ ուղիղ հեռարձակվում էին, և այն, ինչ տեսանք երեկ, խորհրդարանական երկրին ոչ վայել տեսարան էր: Ինչպիսի՞ն են այսօր Ձեր տպավորությունները պատգամավորների հետ երկու օր տևած, թույլ տվեք ասել, անհավասար, այսպես ասած՝ բոլորը՝ մեկի, մեկը՝ բոլորի դեմ առճակատումից հետո:

– Իսկապես ծանր ժամեր էին, այո, ունեցա նաև նման զգացողություններ, որ իմ կյանքի ամենադժվար ու ծանրաբեռնված օրերն էին, սակայն երեկոյան տանը, կարծես թե, միայն ֆիզիկական հոգնածություն ունեի:

– Այսօր ևս ԱԺ-ում կարծես թե շարունակվող քննարկման կիզակետում կրկին Դուք եք: Ունե՞ք ասելիք անցած երկու օրերի և այսօր շարունակվող քննարկումների վերաբերյալ: Ինչո՞ւ այսօր ԱԺ-ում չեք:

– Չեմ հետևում, դրա ժամանակն այսօր չկա, այլ խնդիրներով եմ ծանրաբեռնված: Միայն ասեմ, որ առավոտյան կինս հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն:

– Ի՞նչ գործի կապակցությամբ:

– Տեղյակ չեմ: Ինչպես ասացի, այսօր խիստ ծանրաբեռնված օրակարգ ունեմ, գուցե ավելի ուշ արդեն պարզ կլինի: Ներողություն, հիմա զբաղվածությունս մեծ է, մի ուրիշ առիթով կպատասխանեմ ձեր հարցերին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում