Թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն. Գագիկ Ծառուկյան

Թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն. Գագիկ Ծառուկյան

Գիտեմ, որ կորստի ցավն անասելի մեծ է, բայց դուք պարտավոր եք ուժեղ լինել հանուն ձեր որդիների հիշատակի և նրանց սերունդների ապագայի.«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը շնորհավորել է հայ կանանց տոնի կապակցությամբ.

«Սիրելի՛ կանայք, մայրեր և քույրեր,

Այսօր Կանանց միջազգային տոնն է: Հատկապես մեր երկրի համար ծանրագույն այս ժամանակահատվածում է՛լ ավելի անգնահատելի է դառնում այն առաքելությունը, որն ունի հայ կինը: Հայ ժողովրդի բազմադարյա պատմության ընթացքում մշտապես մեծ է եղել ձեր դերակատարումը մեր պետականության կերտման, ազգի հարատևման, մեր ձեռքբերումների ու հաղթանակների ճանապարհին: Վստահ եմ, որ բոլոր ժամանակների դժվարություններն ու փորձությունները պատվով հաղթահարած հայ կինն այսօր էլ չի խոնարհվելու կորստյան ցավի առջև, չի ընկրկելու ու չի հանձնվելու:

Առանձնահատուկ խոնարհումս եմ հայտնում հանուն հայրենիքի նահատակված մեր բոլոր հերոսների մայրերին և կանանց: Գիտեմ, որ կորստի ցավն անասելի մեծ է, բայց դուք պարտավոր եք ուժեղ լինել հանուն ձեր որդիների հիշատակի և նրանց սերունդների ապագայի: Դուք եղել ու շարունակելու եք լինել հայ ընտանիքի հիմնասյունը և այսօր էլ ունեք նույն առաքելությունը՝ շենացնել ու վառ պահել հայի օջախը, մեր կորցրած հաղթանակը հետ բերող սերունդներ ժառանգել հայրենիքին:

Այսօր ես ուզում եմ աշխարհի բոլոր հայ մայրերին և քույրերին մեկ բարեմաղթանք հղել՝ թող հաջորդող բոլոր գարունները խաղաղ լինեն:
Աստված պահապա՛ն մեզ բոլորիս…»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում