Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԵԱՀԿ ամերիկացի նոր համանախագահին բանակցություններում ներգրավել ԼՂՀ կառավարությանը

Ամերիկայի հայկական համագումարը կոչ է արել ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին ուշադրություն դարձնել Ադրբեջանի պատերազմական հռետորաբանության, ռազմականացման և հրադադարի ռեժիմի անընդհատ խախտումների վրա: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը’ վկայակոչելով համագումարի պաշտոնական կայքը: «Հայկական համագումարը հույս ունի, որ դեսպան Ուորլիքը և ԵԱՀԿ Մինսկի խմբի իր գործընկերները խաղաղ բանակցություններում կներգրավեն ժողովրդավարական ընտրություններով ընտրված ԼՂՀ կառավարությանը։ Կայուն խաղաղության հասնել հնարավոր է միայն ապահովելով ԼՂ մասնակցությունը և ունենալով Ղարաբաղի ժողովրդի աջակցությունը», – ասել է Ամերիկայի հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին։

ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին, օգոստոսի 6-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի նոր համանախագահ նշանակելով դեսպան Ջեյմս Ուորլիքին, նշել է «Նա առաջնակարգ դիվանագետ է, և ես համոզված եմ, որ փայլուն աշխատանք կկատարի իր այս կարևորագույն պաշտոնում»:

Դեսպան ՈՒորլիքն, ով իր նոր պաշտոնը կստանձնի այս տարվա սեպտեմբերից: Նա վերջին շրջանում աշխատել է որպես Աֆղանստանում և Պակիստանում հատուկ ներկայացուցչի տեղակալ և Աֆղանստանի հետ երկկողմ անվտանգության պայմանագրի գլխավոր բանակցող: 2009-2012 թվականներին Ուորլիքը եղել է Բուլղարիայում ԱՄՆ դեսպան, 2006-2009 թվականներին’ Միջազգային կազմակերպությունների հարցերով բյուրոյում պետքարտուղարի առաջին փոխտեղակալ, իսկ 2005-2006 թվականներին Եվրոպական անվտանգության և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում