«Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի՞ է պատրաստվում»․ Greek City Times

«Ադրբեջանը Հայաստանի դեմ նոր պատերազմի՞ է պատրաստվում»․ Greek City Times

Հունական Greek City Times պարբերականը հրապարակել է հոդված, որում հեղինակ Փոլ Անտոնոպոլուսն անդրադարձ է կատարել Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավոր նոր պատերազմին։

Ստորև ներկայացնում են հեղինակի հոդվածը։

Սեպտեմբերի 27-ին Թուրքիայի հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղ ներխուժումից և պատերազմի սկսվելուց երկու օր առաջ Greek City Times-ը պարզել էր, որ Թուրքիան սիրիացի վարձկաններին տեղափոխում է Ադրբեջան:

Greek City Times-ի հարցմանն ի պատասխան Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը հերքել էր լուրը, սակայն այժմ անհերքելի ապացույցներ կան, ներառյալ լուսանկարներ, տեսանյութեր, գերեվարված վարձկաններ և ցուցմունքներ:

Այժմ թվում է, որ Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում, այս անգամ ՝ ուղղակի ներխուժում Հայաստանի տարածք։

Հակառակ նրան, որ Ադրբեջանը սիրիացի վարձկանների և թուրքական հատուկ նշանակության ջոկատների օգնությամբ հայկական կողմից հետ է վերցրել նախկին ԽՍՀՄ-ի կազմում գտնվող Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը շրջապատող յոթ շրջաններ, կարծես թե շուտով նոր հակամարտություն է սկսվելու: Յոթ շրջանների նկատմամբ վերահսկողությունը պահպանելու հարցում Նիկոլ Փաշինյանի անպատրաստության և/կամ շահագրռված չլինելու պատճառով նվաստացուցիչ պարտությունից հետո Ադրբեջանին տրվեց ցամաքային ուղիղ ճանապարհ, որպեսզի նա կարողանա Հայաստանի Սյունիքի մարզով մուտք գործել իր էքսկլավ Նախիջևան: Սա համաձայնեցվել էր նոյեմբերի 10-ի եռակողմ (Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան) հայտարարության ստորագրման ժամանակ:

Մոնթե Մելքոնյանը 1990-ականների սկզբին ասել է, որ եթե հայերը Լեռնային Ղարաբաղը տան Ադրբեջանին, ապա կկորցնեն Ադրբեջանը Նախիջևանից բաժանող Սյունիքի մարզը:

Նա ասել է․ «Եթե կորցնենք Արցախը, կթերթենք մեր պատմության վերջին էջը»: Նա հավատում էր, որ եթե ադրբեջանական ուժերին հաջողվի հայերին հեռացնել Ղարաբաղից, ապա նրանք առաջ կգնան դեպի Սյունիք և Հայաստանի այլ շրջաններ: Եթե Ադրբեջանը գրավեր Սյունիքի մարզը, ապա դա ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կկապեր, այլև հնարավորություն կտար Թուրքիային՝ ուղղակի ելք ունենալ դեպի նավթով և գազով հարուստ Կասպից ծով և հետագայում Կենտրոնական Ասիա:

Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղն ու հարակից շրջանները վերագրավելու իր դիրքորոշումը պաշտպանում է` հիմնվելով ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը պնդում էր, որ իր երկիրը միմիայն շահագրգռված է վերադարձնել այն, ինչն անվանում են գրավյալ տարածք:

Այնուամենայնիվ, թուրք և ադրբեջանցի ազգայնականները կոչ են արել շրջափակել Սյունիքի մարզը՝ վերջ տալու Ադրբեջանից Նախիջևանի անջատմանը: Հայտնի շատ հայեր նախազգուշացնում են, որ Թուրքիայի և Ադրբեջանի երկարաժամկետ նպատակը ավելի փոքր մակերեսով հայկական պետություն ստեղծելն է, որի հիմքում այսօրվա հյուսիսային Հայաստանը կլինի:

Կարծես Ադրբեջանը նոր պատերազմի է պատրաստվում՝ Հայաստանից Սյունիքը գրավելու համար։

Անցյալ շաբաթ կայացած տնտեսական համաժողովի ընթացքում ունեցած ելույթի ժամանակ Ալիևն ասել է, որ «նոր տրանսպորտային միջանցքը կանցնի Ադրբեջանի պատմական տարածք Զանգեզուրով և մայրցամաքային Ադրբեջանն իր անբաժանելի մասի՝ Նախիջևանի Ինքնավար Հանրապետության, ինչպես նաև Թուրքիայի հետ կկապի»:

Անտեսելով Ալիևի անհիմն պնդումն առ այն, որ Սյունիքը պատմական Ադրբեջանի տարածք է, ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը պնդում է, որ «այդպիսի սադրիչ հայտարարությամբ, Զանգեզուրը «պատմական ադրբեջանական տարածք» անվանելով և հղում անելով երևակայական միջանցքին, Ադրբեջանի նախագահը կանխամտածված խափանում է նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի եռակողմ հայտարարությունների իրականացումը: Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 9-րդ հոդվածում միջանցքի ստեղծման մասին չի նշվում»:

Երեքշաբթի Ադրբեջանի նախագահն ասել է․ «Հայաստանը ցանկանում է խոչընդոտել Զանգեզուրի միջանցքի ստեղծմանը, սակայն դա նրան չի հաջողվի: Մենք նրանց պարտադրենք»: Սա հստակ ցույց է տալիս, որ Ադրբեջանը պատրաստ է, Նախիջևանը Ադրբեջանի հետ կապելու նպատակով, Հայաստանի տարածքով տրանսպորտային միջանցք կառուցելու համար ուժ կիրառել: Ալիևի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ փետրվարի վերջին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ Ադրբեջանի զինված ուժերը՝ Ղարաբաղում հատուկ գործողություն են իրականացնելու․ «Մենք չենք կարող ձեզ ասել, թե հստակ որ տարածքում տեղի կունենան գործաողությունները, սակայն երկու կողմերում էլ ռազմական տեխնիկայի կուտակում կա»:

Մեկ այլ ենթադրության համաձայն Ադրբեջանը նոր ռազմական գործողության է պատրաստվում Սյունիքի մարզի ուղղությամբ։ Ենթադրությունը հիմնված է նրա վրա, որ թուրքական Boeing 737AEW & C նախազգուշացնող և վերահսկող ինքնաթիռը պտույտներ է կատարել Հայաստանի սահմանի մոտակայքում: Սա CENAH01 ծածկագրով նույն ինքնաթիռն է, որն օգտագործվել է անցյալ տարվա պատերազմի առաջին օրերին: Տեղեկություններ կան նաև այն մասին, որ Ադրբեջանը կանչում է պահեստազորը, այն ժամանակ, երբ թուրք և ադրբեջանցի զինվորականները Հայաստանի սահմանի մոտ համատեղ զորավարժություններ են անցկացնում:

Ադրբեջանի կողմից նոր պատերազմի պատրաստվելու մասին ենթադրությունն ի հայտ է գալիս այն ժամանակ, երբ հայտնի է դառնում, որ Ուկրաինան, կարծես, գարնանը Դոնբասում զինված խմբավորումների դեմ հարձակման է պատրաստվում: Հնարավոր է, որ Թուրքիայի մտերիմ դաշնակիցներ Ադրբեջանը և Ուկրաինան կարող են համաժամանակյա գործողություններ սկսել՝ Դոնբասի աշխարհազորայինների և Հայաստանի դեմ`Ռուսաստանին զիջումներ պարտադրելու նպատակով: Թուրքիան շեշտում է, որ Ղրիմը Ռուսաստանի կողմից շրջափակված ուկրաինական տարածք է, և որ դրա թաթարական փոքրամասնությունը ենթադրաբար ճնշված է: Բացի այդ, Թուրքիան անօդաչու թռչող սարքեր է տրամադրում ուկրաինական ռազմական ոլորտին և նաև ասում, որ չի հապաղի Հայաստանի դեմ գործել, եթե այն չենթարկվի Թուրքիայի պահանջներին:

Հակառակ Փաշինյանի՝ Հայաստանը Ռուսաստանից դեպի ազատական Արևմուտք տանելու փորձերին, Մոսկվան այժմ օգնում է հայկական ռազմական ոլորտի բարեփոխումներին և վերազինմանը: ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանն ասել է, որ «Հայաստանում ռազմական բարեփոխումները ոչ թե միայն ծրագրված են, այլ արդեն իրականացվում են, և մեր ռուս գործընկերներն անմիջական մասնակցություն ունեն այս գործընթացում»: Նրա խոսքով, հիմնական ջանքերն ուղղվելու են կառավարման համակարգերի, հետախուզության, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցների, հակաօդային պաշտպանության ու անօդաչու թռչող սարքերի, հրթիռային ուժերի ու հրետանու զարգացմանը:

Ի պատասխան Ալիևն ասել է, որ Ռուսաստանը չպետք է նոր զենքեր տրամադրի Հայաստանին կամ օգնի Հայաստանին արդիականացնել իր բանակը։

Ավելի հատկանշական է այն, որ Հայաստանը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետություն է: Եթե Հայաստանը հարձակման ենթարկվի ոչ անդամ պետության կողմից, ապա Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Տաջիկստանը և Ռուսաստանը պարտավոր են օգնություն ցուցաբերել:

Քիչ հավանական է, որ Ադրբեջանը, թեկուզ և Թուրքիայի աջակցությամբ, ցանկանա Ռուսաստանին ռազմական բախման դրդել։ Հարց է առաջանում՝ արդյոք Մոսկվան կկարողանա՞ կարգավորել Կովկասում և Դոնբասում միաժամանակ ի հայտ եկած հակամարտությունները, եթե Ադրբեջանը և Ուկրաինան միաժամանակ գարնանային գրոհներ սկսեն: Շատ հավանական է, որ Թուրքիան Ադրբեջանին և Ուկրաինային միաժամանակյա գործողություններ ձեռնարկելու կոչ անի՝ Ռուսաստանից զիջումներ ստանալու համար, օրինակ՝ Հայաստանին ստիպել տրանսպորտային միջանցք բացել Ադրբեջանի և Նախիջեւանի միջեւ»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում