Մինչև մայիսի 1-ը պատվաստված կլինեն ԱՄՆ-ի չափահաս բոլոր բնակիչները

Մինչև մայիսի 1-ը պատվաստված կլինեն ԱՄՆ-ի չափահաս բոլոր բնակիչները

Կովիդի համավարակի անցած մեկ տարվա ընթացքում աշխարհում ավելի քան 2 միլիոն 600 հազար մարդ է մահացել, որոնցից 530 հազարը` Միցյալ Նահանգներում:

«Ամերիկայի ձայն»-ը գրում է, որ իր պաշտոնավարման առաջին 50 օրերից հետո արտասանած ելույթի ժամանակ երկրի նախագահ Ջո Բայդենը ներկայացրել է այս վիրուսի դեմ պայքարում իր վարչակազմի որդեգրած քաղաքականությունը:

«Կառավարմանս առաջին վաթսուն օրերից հետո այստեղ պատվաստված կլինի հարյուր միլիոն մարդ: Որեւէ այլ երկիր ցույց չի տվել այդ ցուցանիշը», – հայտարարել է Բայդենը ու հիշեցրել, որ հարյուր միլիոն չափաբաժին իրենք նախկինում նախատեսել էին իր կառավարման առաջին հարյուր օրերի համար:

Բոլոր նահանգները ստացել են մինչև մայիսի մեկը բոլոր չափահաս ամերիկացիներին պատվաստման ենթարկելու հրահանգ: Սակայն այս ճանապարհին չի կարելի ասել, որ խոչընդոտներ չկան: Դրանցից առաջինը մարդկանց մի որոշ հատվածի շրջանում պատվաստանյութերի նկատմամբ անվստահությունն է: Մյուս խնդիրն այն է, որ որոշ նահանգներ անտեսում են համավարակի համար դաշնային կառավարության հաստատած կանոնները: Օրինակ է Թեքսասը, որը մի քանի օր առաջ հանեց դիմակ կրելու որոշումը:

«Իսկ մարդկային կյանքեր փրկելու ամենահեշտ եղանակը դիմակ կրելն է: Սակայն վատ է, որ այս պարզ հարցում մարդիկ երբեմն դեմ են դուրս գալիս մեկը մյուսին»,- նշում է Բայդենը:

Ինչպես վերլուծաբան Քաթրին Բեիքերն է ասում, դիմակների ու պատվաստումների հարցում այս բացասական մոտեցումները հիմնականում սերմանվել են քաղաքական նպատակներով, հիմնականում համավարակի տարածման առաջին օրերին:

Իսկ 1 տրիլիոն 900 միլիարդ դոլարի տնտեսական խթանման ծրագիրը, որը ներկայացվել էր Բայդենի կողմից ու հաստատվել Կոնգրեսում առանց որևէ հանրապետականի կողմ քվեարկության, արժանանում է վերջիններիս քննադատությանը: Ներկայացուցիչների պալատում հանրապետական փոքրամասնության ղեկավար Քևին ՄաքՔարթիի խոսքերով, դա մինչև համավարակը ձախակողմյան գործիչների կողմից կազմված ծրագիր էր:

Բայդենը հաջորդ շաբաթ ճամփորդություն է սկսում երկրի տարբեր նահանգներում գովելու համար կովիդ հիվանդության դեմ ուժի մեջ մտցված օրենքները: Ճամփորդությունը ստացել է «Օգնությունը գալիս է» անվանումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում