«Բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն». Լուկաշենկո

«Բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ բելառուսներն աշխարհում ընկերներ չունեն, գրում է երկրի ղեկավարի պաշտոնական կայքը:

«Ուշադրություն դարձրեք իմ արտահայտությանը՝ աշխարհում մենք ընկերներ չունենք»,- ասել է Լուկաշենկոն Минская лыжня սպորտային փառատոնի ժամանակ:

Խոսելով երկրում տիրող հասարակական-քաղաքական իրավիճակի մասին՝ երկրի ղեկավարը մանրամասնել է, որ «ասելու շատ բան կա, բայց դա տեղի կունենա ժամանակի ընթացքում»: «Իսկ նրբությունները այսօրվա համար չեն»,- հավելել է նա:

Հիշեցնենք՝ 2020 թ. օգոստոսի 9-ին Բելառուսում կայացած նախագահական ընտրություններից հետո, որում վեցերորդ անգամ հաղթանակ է տարել Լուկաշենկոն՝ հավաքելով ձայների 80,1% -ը, երկրում սկսվել են բողոքի զանգվածային ակցիաներ:

Ընտրություններից հետո ընդդիմության մի շարք առաջնորդներ Բելառուսից մեկնել են ԵՄ երկրներ և այնտեղից ծավալում են ընդդիմադիր գործունեություն: Ընդդիմությունը պահանջում է նոր ընտրություններ և ներկայում նախաձեռնում են Մինսկի նկատմամբ միջազգային պատժամիջոցների ընդլայնում, որոնք նախկինում արևմտյան մի շարք երկրների կողմից կիրառվել էին բելառուսական պաշտոնյաների և իրավաբանական անձանց նկատմամբ:

Փետրվարի 11-ին Բելառուսի ներքին գործերի նախարարությունը հայտարարությամբ էր հանդես եկել, որում նշել էր՝ երկրում իրավիճակը կայունացել է, իսկ բողոքի ցույցերի դրսևորումները գործնականում անհետացել են:

Բելառուսում քրեական գործեր են հարուցվել ընդդիմության մի շարք առաջնորդների դեմ՝ իշխանությունը զավթելու, ծայրահեղական խմբավորումներ ստեղծելու կոչերի և պետական իշխանությունը հակասահմանադրական ճանապարհով զավթելու համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում