Արդյո՞ք Բայդենը պատճառ ունի չճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ahval News

Արդյո՞ք Բայդենը պատճառ ունի չճանաչելու Հայոց ցեղասպանությունը. Ahval News

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հարցով հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը ստորագրահավաք է սկսել նախագահ Ջո Բայդենին ուղղված երկկուսակցական նամակի համար, որով կոչ է անում վերջինիս պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

Անդրադառնալով Մենենդեսի այս նախաձեռնությանը՝ Ahval News-ի վերլուծաբանը համեմատականներ է տարել նախորդ տարի ԱՄՆ Սենատ հասած բանաձևի չընդունման և այս տարվա նախաձեռնության հավանական հաջողության միջև: «Մի շարք պատճառներ կան՝ հավատալու, որ այս տարի ԱՄՆ նախագահը կարող է 1915 թվականին Օսմանյան կայսրությունում հայերի հետ կատարվածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն»,- գրում է հոդվածագիրը:

Ինչպես հեղինակը նկատում է, վերջին տարիներին համաշխարհային կոնսենսուս կա. 32 երկրների, այդ թվում՝ ԱՄՆ-ի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի, Կանադայի և Բրազիլիայի կառավարող մարմինները ճանաչել են Ցեղասպանությունը:

«Հայող ցեղասպանության հետագա ճանաչմանն ուղղված քայլերը, ինչպես և թուրքական կառավարության դեմ ուղղված ցանկացած այլ գործողություն արևմտյան մայրաքաղաքներում մեծ տարածում է գտել վերջին տարիներին, ինչը պայմանավորված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և նրա կառավարության՝ արտաքին աշխարհում օտարման քաղաքականությամբ և ներքին հակաժողովրդավարական դրսևորումներով»,- ընդգծում է հեղինակը:

«Երբ Էրդողանի ժողովրդավարամետ հեղինակության կերպարն անհետացավ և ավտորիտար գազանը բացահայտվեց, նախագահը մեկ առ մեկ կորցրեց Վաշինգտոնում իր ընկերներին: Թրամփի վարչակազմի օրոք Էրդողանի ունեցած խնդիրները ոչինչ էին և չէին կարող վնասել նրա շահերին»,- գրում է հոդվածի հեղինակն ու հիշեցնում, որ Բայդենն իր նախընտրական արշավում խոստացել էր «աջակցել Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևին»:

Աղբյուրը նկատում է, որ որպես մարդ, որը 8 տարի զբաղեցրել է փոխնախագահի պաշտոնը, գիտակցում է, որ եթե դրժի իր խոստումը, իր նկատմամբ ճնշում կգործադրվի Կոնգրեսի, մասնավորապես՝ սենատոր Մենենդեսի կողմից, որի աջակցության կարիքը Բայդենն ունի՝ արտաքին քաղաքականությունում հաջողություն ունենալու համար:

Աղբյուրը շեշտում է նաև, որ իր նախագահության ողջ ընթացքում, ինչպես նաև նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո Բայդենը ոչ մի անգամ զրույց չի ունեցել Էրդողանի հետ:

«Մինչ Էրդողանի հարաբերություններն ԱՄՆ կառավարության և դրա ինստիտուտների հետ պատմական ցածր մակարդակի վրա են գտնվում, այս անգամ ԱՄՆ նախագահը, թվում է, որևէ պատճառ չունի Հայոց ցեղասպանության ճանաչման ֆոնին Էրդողանի պես դաշնակցի հետ կապերը խզելու համար»,- եզրափակում է պարբերականը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում