Հալեպ Երեւան ճանապարհին կրկին հայ երիտասարդներ են առեւանգվել

Հալեպից Երեւան ուղեւորված ավտոբուսն օգոստոսի 10-ին պարտադրաբար կանգնեցվել է զինյալ խմբավորման կողմից. առեւանգվել են չորս հայ երիտասարդ ուղեւորները’ ներառյալ վարորդը: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Հալեպի «Գանձասար» շաբաթաթերթի աշխատակից Զարմիկ Պողիկյանը, ուղեւորներից մեկի կինն ու դուստրն ուղարկվել են Հալեպ:

«Սիրիայում շարունակվում են զինյալ բախումներն ու մարդկային կորուստները: Հինգշաբթի’ օգոստոսի 8-ին, եւ ուրբաթ’ օգոստոսի 9-ին, Հալեպի «Նոր Հալեպ» շրջանում անվտանգության ուժերն ականազերծեցին երեք ականապատված ավտոբուսներ, որոնք զետեղված էին բնակչությամբ հոծ թաղամասերում, յուրաքանչյուրը պարունակում էր 250-300 կգ պայթուցիկ նյութեր»,-ասաց Պողիկյանը:

Օգոստոս 2-ին Հալեպի կենտրոնական բանտի մոտ եղած բախումների ընթացքում ռումբի բեկորից զոհվել է 1974թ. ծնված Նազար Քեոշկերյանը: Օգոստոս 6-ին Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի արվարձան Ջարամանայում, որի բնակչության մեծամասնությունը քրիստոնյաներ եւ հայեր են, ականապատված ավտոբուսի պայթյունից զոհվել է 18 եւ վիրավորվել 56 մարդ: Զոհերի թվում 1966 թ. ծնված հայազգի Սարգիս Մերեսճյանն էր, որի հրկիզված դիակը գտնել էր ավտոբուսի մեջ:

Հուլիս 26-ին առեւանգված 4 հայ երիտասարդները դեռեւս ազատ չեն արձակվել: Նրանք եւս Հալեպից Երեւան էին ուղեւորվում: Հալեպում անցնող մեկ շաբաթում արձանագրվել են ռումբերի բեկորներից եւ դիպուկահարների հարվածներից 4 հայերի վիրավորվելու դեպքեր:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում