Իրանի ԱԳ նախարարն Արևմուտքին մեղադրել է «վնասակար» քաղաքականության համար

Իրանի ԱԳ նախարարն Արևմուտքին մեղադրել է «վնասակար» քաղաքականության համար

Իրանի Իսլամական Հանրապետության արտգործնախարարն ասել է, որ Արևմուտքը քիմիական զենք է տրամադրել Իրաքի նախկին բռնապետ Սադամ Հուսեյնին՝ 1980-ականների Իրան-Իրաք պատերազմի ընթացքում, որը Սադդամն օգտագործել է քրդերի դեմ հյուսիսային Իրաքում 1988 թվականի մարտի 16-ին և նշել, որ Արևմուտքը «վնասակար» վարք ունի։

Այս մասին հայտնում է իրանական Tehran Times լրատվականը։

«Մարտի 16-ին լրանում է Հալաբջայի քիմիական կոտորածի 33-րդ տարելիցը: Արևմուտքում գտնվողները, ովքեր Սադդամին մահացու քիմիական նյութեր են մատակարարել, չեն մտածում հիշել այս դեպքերի մասին: Ավելի քան 5000 անմեղ քաղաքացիական անձ է սպանվել: Դեռևս ցանկանո՞ւմ եք անամոթաբար խոսել «տարածաշրջանում վնասակար վարքի» մասին»,– երեքշաբթի Իրանի արտգործնախարարը գրել է թվիթերյան իր օգտահաշվում:

Գրառումը կատարվել է Իրանի և Արևմուտքի միջև 2015 թվականի Իրանի միջուկային համաձայնագրի շուրջ լարվածության աճի ֆոնին, որը պաշտոնապես հայտնի է որպես Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիր (JCPOA): Արևմուտքը պնդել է, որ տարածաշրջանում Իրանի ազդեցությունը «վնասակար» է, սակայն իրանցի պաշտոնյաները նշում են, որ տարածաշրջանում «վնասակար» վարք է դրսևորում ԱՄՆ-ն, ոչ թե Իրանը: Զարիֆը մեկ անգամ չէ, որ դատապարտել է Արևմուտքի աջակցությունը Սադդամին:

1988 թվականի մարտի 16-ին Իրաքի նախագահ Սադամ Հուսեյնն իր օդուժին հրամայել է քիմիական հարձակում իրականացնել Հալաբջա քաղաքի ուղղությամբ: Հարձակման հետևանքով զոհվել է 3200-ից 5000 մարդ, և 7000-ից 10 000 մարդ վիրավորվել է։ Զոհերի և վիրավորների մեծ մասը խաղաղ բնակիչներ են եղել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում