Իհարկե, ոչ մի հույս չկա, որ չեն կեղծի ընտրությունները. Տարոն Սիմոնյան

Իհարկե, ոչ մի հույս չկա, որ չեն կեղծի ընտրությունները. Տարոն Սիմոնյան

Նիկոլ Փաշինյանը, առանց ԿԸՀ-ի հետ համաձայնեցնելու, հարցը քննարկելով քաղաքական ուժերի՝ «Լուսավոր Հայաստանի» եւ «Բարգավաճ Հայաստանի» հետ, արդեն արտահերթ ընտրությունների օր է նշանակել՝ հունիսի 20։ Իսկ ո՞ր օրենսգրքով են գնալու ընտրությունների՝ նախկիններից ժառանգություն մնացած ու այդքան քննադատված Ընտրական օրենսգրքո՞վ՝ ռեյտինգային համակարգով, թե՞ նոր օրենսգիրքը կընդունեն։ Hraparak.am-ը հարցն ուղղել է ԼՀԿ պատգամավոր Տարոն Սիմոնյանին։

«Չգիտեմ, մենք մեր առաջարկություններն արել ենք, միեւնույն ժամանակ ասել ենք, որ շուտ պետք է արվեր Ընտրական օրենսգրքի փոփոխությունը։ Եթե չի արվել, հիմա անենք, կիսատ-պռատ գնանք առաջ, չենք հասցնի, էլի, ադապտացնել նոր փոփոխությունները»։

– Ձեզ համար ո՞ր տարբերակն է ընդունելի այսօր։

– Էս իրավիճակում, եթե մենք գնում ենք ընտրության հունիսին, ոչ մի փոփոխություն չենք անելու։ Եղածով պետք է գնանք։ Եթե մի բան փոխենք, դա ադապտացնելու համար բավականին երկար ժամանակ է պետք, հանկարծ դա իշխանությունները պատրվակ չօգտագործեն՝ հետաձգելու ընտրությունները։

– Այսինքն՝ այս իշխանությունները երկրորդ անգամ կգնան ընտրության նախկինների գրած օրենսգրքով եւ ռեյտինգային համակարգով։

– Նախագիծն իրենք բերել են ԱԺ, որին մենք էլ մասնակցել ենք, մեր առաջարկություններն արել ենք, որոնք չեն ընդունվել։ Հիմա, եթե իրենք նախագիծը բերում ընդունում են, կարճ ժամանակահատվածում սկսում են կիրառել, դա էլ իր հերթին է մեծ խնդիր առաջացնում։ Մեզ համար ընդունելի տարբերակն ամեն գնով շուտ ընտրություն կազմակերպելն է։ Մենք ասում էինք՝ մինչեւ հունիսի 1-ը, մի 20 օր իրենք հետաձգեցին՝ չգիտեմ ինչ պատճառով, էլի ոչինչ, կարեւորը՝ լինի անպայման։ Ու մինչեւ դա Ընտրական օրենսգիրք փոխել, կարծում եմ՝ նպատակահարմար չի, ու չեն էլ հասցնի անել, ճիշտ էլ չի լինի անել։ Հիմա, էս իրավիճակում առաջնայինը ոչ թե Ընտրական օրենսգիրքն է, այլ՝ ընտրություն կազմակերպելը։

– Անկախ նրանի՞ց, որ այս ԸՕ-ն այդքան քննադատվել է ու կարող է նորից արատավոր երեւույթներ առաջ բերել։

– Վատ օրենսգրքով կարելի է լավ ընտրություն անել, լավ օրենսգրքով կարելի է վատ ընտրություն անել։ Դա կախված է կազմակերպիչներից, էլի։

– Ձեզ համար ռեյտինգային ընտրակարգն ընդունելի՞ է։

– Ինձ համար՝ որպես իրավաբան-գիտնականի, էսօրվա գործող ընտրակարգերից ոչ մեկն ընդունելի չէ՝ ո՛չ կառավարության առաջարկածը եւ ո՛չ էլ գործողը։ Կառավարությունը փակ համամասնական է առաջարկում, մենք առաջարկում ենք բաց համամասնական։

– Իսկ Դուք հույս ունե՞ք, որ իշխանությունը չի կեղծի ընտրությունները, ապօրինություններ թույլ չեն տա։

– Բայց քաղաքականության մեջ հույսերո՞վ են առաջնորդվում։ Իհարկե, ոչ մի հույս չկա։ Պետք է վերահսկողությունը նորմալ կազմակերպենք, որ հանկարծ մտքներով չանցնի կեղծել ընտրությունները։

– Եթե ոչ մի հույս չունեք, որ չեն կեղծի ընտրությունները, ինչպե՞ս եք նրանց հետ գնալու ընտրության։

– Հույսը մեր աշխատանքն է։ Եթե դու ունես ռեսուրս, «Լուսավոր Հայաստանին», օրինակ, տրամադրված է 4 հազար հանձնաժողովականի տեղ, մենք էդ տեղերը պետք է համալրենք մեր հետեւորդներով, որպեսզի նրանք հսկեն, որ հանկարծ տեղամասերում կեղծիքներ չլինեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում