Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին. Արա Սաղաթելյան

Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին. Արա Սաղաթելյան

«Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։ Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և, շահարկելով երեխաների ներկայությունը, փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ տարված երեխաների անվտանգության գնով»,– «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար-գլխավոր քարտուղար Արա Սաղաթելյանը՝ անդրադառնալով շաբաթ օրն Արագածոտնում Փաշինյանի հավաքին մի քանի տասնյակ երեխաների մասնակցության փաստին։

-Պարոն Սաղաթելյան, Նիկոլ Փաշինյանը հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ նշանակեց։ Դուք հայտարարել եք քաղաքականություն մտնելու մասին, մասնակցելո՞ւ եք այդ ընտրություններին։

-Նախ՝ արտահերթ ընտրություն ֆեյսբուքյան ստատուսով չի հայտարարվում, կա համապատասխան իրավական ընթացակարգ և Նիկոլ Փաշինյանը չունի ընտրություն հայտարարելու լիազորություն, դա հանրապետության նախագահի գործառույթն է։ Եվ երբ պաշտոնապես կնշանակվեն ընտրություններ, այդ ժամանակ կխոսենք։ Ես խիստ կասկածում եմ, որ ընտրությունները կայանալու են, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող սուտասանն իր ո՞ր խոստումն է կատարել, որ դա կատարի։ Հետևաբար, անիմաստ եմ համարում ժամանակից առաջ ընկնելը։

-Բայց Նիկոլ Փաշինյանն, ըստ էության, սկսել է քարոզարշավը։ Օրինակ՝ շաբաթ օրը Արագածոտնի մարզում էր։

-Անցյալ տարի այս ժամանակ էլ սահմանադրական հանրաքվեի օր էր նշանակել և քարշ էր գալիս մարզերում, կայացա՞վ այդ հանրաքվեն։ Իհարկե՝ ոչ։ Հետևաբար, կրկնում եմ, վստահ չեմ, որ ընտրությունները կայանալու են։

Ինչ վերաբերում է քարոզարշավ կոչվածին։ Դուք քարոզարշա՞վ եք համարում մանկահասակ երեխաներին իրար գլուխ հավաքելն ու հիմարություններ դուրս տալը։ Դա քարոզարշավ չէր, դա սեփական կաշին փրկելու համար ամեն ինչի պատրաստ տականքի հերթական կապիկությունն էր։ Ինձ խիստ զայրացրել է երեխաներին Նիկոլի հավաքին տանելու փաստը։ Այս փնթին իր համար կենդանի վահան էր դարձրել երեխաներին, որպեսզի եթե որևէ մեկն արդարացիորեն ուզենար, օրինակ, մոտենալ ու թքել դավաճանի երեսին, կամ հավկիթ նետեր իր ուղղությամբ, կաշկանդվեր երեխաների ներկայությունից։

Ասեմ ավելին, շատ լավ ճանաչելով նրա ստոր էությունը, չեմ զարմանա, եթե հենց ինքը որևէ պրովոկացիա բեմականացնի և շահարկելով երեխաների ներկայությունը փորձի դրանից PR-ի առիթ դարձնել՝ անգամ այդտեղ գտնվող երեխաների անվտանգության գնով։ Այլևս փաստ է, որ Նիկոլն ամեն ինչի պատրաստ է սեփական կաշին փրկելու համար և ոչնչի առջև կանգ չի առնելու րոպե ավել վարչապետի աթոռին նստելու համար։ Տասնյակ միջազգային կոնվենցիաներ, ներպետական կարգավորումներ կան, որոնք արգելում են երեխաների ներգրավումը քաղաքական միջոցառումներում և նա գիտի, որ իրավունք չունի մանկահասակ երեխաներին օգտագործել իր կեղտոտ խաղերում։

-Գուցե ծնողները դեմ չեն եղել, կամ դպրոցի տնօրենն է ցանկացել հաճոյանալ վարչապետին։

-Նման տնօրենի ականջից պետք է բռնել ու դուրս շպրտել կրթական համակարգից, որովհետև քիչ չի ինքն է ներգրավվում քաղաքական պրոցեսում, նաև իրեն վստահված երեխաների է ներքաշում։ Անկեղծ ասած, չեմ կարծում, թե կա որևէ դպրոցի տնօրեն կամ մանկավարժ, որը ցանկանա հաճոյանել այդ տխմարին։ Չեմ բացառում, որ մարզային իշխանությունների կողմից է եղել հարկադրանք, որը կրկնակի հանցանք է։

Իսկ ծնողների մասով խիստ կասկածում եմ, որ բանական մարդը թույլ կտա, որ իր երեխան գտնվի մի վայրում, որտեղ հարյուրավոր զինված թիկնապահների ու սնայպերների ներկայությունն արդեն իսկ փաստում է վտանգի առկայությունը։

Եթե, այնուամենայնիվ, կան այդպիսի ծնողներ, որպես մանկավարժ, խնդրում եմ նրանց թույլ չտալ, որ օգտագործեն իրենց երեխաներին։ Կյանքը ցույց տվեց, որ Նիկոլ Փաշինյանը չունի որևէ սրբություն և ինքը պատրաստ է ամեն ինչի՝ ուրիշի երեխաների կյանքի գնով։ Ուստի, ևս մեկ անգամ խնդրում և հորդորում եմ՝ հեռու պահեք ձեր երեխաներին այդ տականքից, մի վտանգեք նրանց և մի դարձրեք գործիք նրա ձեռքում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում