Քաղաքական ճգնաժամը խորանում է, անվտանգային խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում․ Տիգրան Աբրահամյան

Քաղաքական ճգնաժամը խորանում է, անվտանգային խնդիրները հրատապ լուծումներ են պահանջում․ Տիգրան Աբրահամյան

Tert.am-ը ներկայացնում է «Հենակետ» վերլուծական կենտրոն ՀԿ ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի հոդվածը, որում հեղինակն անդրադառնում է ՀՀ քաղաքացիների՝ Արցախի ՊԲ-ում ծառայելու հետ կապված ստեղծված խնդիրներին։ Նրա խոսքով՝ երկրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը ստիպում է մեծ թվով հարցերի շուրջ հրատապ լուծումներ գտնել։ Տիգրան Աբրահամյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակում գլխավոր սկզբունքը քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծելն է, որտեղ շեշտը պետք դրվի որակի և արդյունավետության վրա։

Հոդվածն ամբողջությամբ՝ ստորև․

«Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը հայտարարել է, որ ՀՀ քաղաքացիներն Արցախի քաղաքացիություն/գրանցում ստանալու դեպքում կարող են կամավոր հիմքունքներով ծառայության անցնել զինված ուժերում։

Այս հայտարարությունը տրամաբանորեն կապված է նրա մեկ այլ հայտարարության հետ, որը տևական ժամանակ է՝ շրջանառվում էր, սակայն այդպես էլ պաշտոնական հաստատում չէր ստանում։

Գեներալ Բալասանյանը հաստատեց տեղեկություններն այն մասին, որ ՀՀ-ից զորակոչ այլևս չի մեկնելու։

Իրավիճակը սովորականներից չէ, ես կասեի՝ ամենաբարդերից է։ Արցախը սահմանային անվտանգության ապահովման անհրաժեշտություն ունի, իսկ Հայաստանն այս գործընթացում կրավորական դիրք ընդունելու իրավունք պարզապես չունի։

Դրա կարևոր բաղադրիչները մի քանիսն են՝ տեխնիկական հագեցվածություն, մարդկային ռեսուրսներ, մարտունակություն և այլն։ Պետք է նկատի ունենալ նաև այն հանգամանքը, որ Արցախի շփման գիծը պատերազմի հետևանքով էականորեն ընդլայնվել է, ինչն առավել խորացնում է եղած խնդիրները։

Ընդհանուր իրավիճակը բարդանում է, եթե այս ամենին գումարվում է Հայաստանում և Արցախում քաղաքական ճգնաժամը, ինչպես նաև՝ զինված ուժերի շուրջ ընթացող չափազանց վտանգավոր գործընթացները։

Այս իրականության մեջ պետք է գտնել միջանկյալ լուծումներ, որոնք Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո անհրաժեշտ կլինի տեղավորել զինված ուժերի բարեփոխումների գործընթացի շրջանակում։

Հայաստանի ներքաղաքական իրավիճակի շուրջ անորոշությունները դեռ շատ են, իսկ երկրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը ստիպում է մեծ թվով հարցերի շուրջ հրատապ լուծումներ գտնել։

Հայաստանից զորակոչի դադարեցման պայմաններում, Պաշտպանության բանակը համալրվում է արցախցիների զորակոչի և քննարկման վերջնական փուլում գտնվող պայմանագրայինների/կամավորների ռեսուրսներով։

Մինչև պատերազմն էլ Արցախում կային պայմանագրային հիմունքներով կազմավորված դիրքապահ ստորաբաժանումներ, որոնք մարտական հերթապահություն էին կրում շփման գծի տարբեր ուղղություններով։

Վերջին ամիսներին ակտիվ աշխատանք է տարվում այդ ստորաբաժանումների թվի կտրուկ ավելացման ուղղությամբ։

Պարտադիր ժամկետային ծառայությունից, պայմանագրային հիմունքներով ծառայությունից բացի՝ Արցախում մի քանի ամիս է՝ քննարկվում և վերջնական տեսքի է բերվում պետական համակարգի աշխատակիցներին ևս որոշակի ժամանակով մարտական հերթապահության ընդգրկելու հարցը։

Այս հարցը ամենաքննարկվածներից է, որում առկա են նաև մեծ թվով խնդիրներ, սակայն իրավիճակը ստիպում է անընդհատ լուծումներ փնտրել, ժամանակն էլ առանձնապես շատ չէ։

Արցախի մարդկային ռեսուրսը հաշվի առնելով՝ հասկանալի է, որ ՀՀ-ից կամավոր հիմունքներով ծառայության մեկնելու հարցը առանցքային նշանակություն ունի, այս տեսանկյունից, Արցախից եկող առաջարկ-ազդակները Հայաստանի ռազմաքաղաքական իշխանության համար պետք է առաջնային քննարկման օրակարգում լինեն։

Տարբեր ժամանակահատվածներում Հայաստանում քննարկվել և իրագործվել է տարբեր ստորաբաժանումների՝ Արցախում ծառայություն իրականացնելու հարցը, և իմ համոզմամբ՝ նույնիսկ այսօր ստեղծված անբարենպաստ միջավայրի պայմաններում հնարավոր է կամավորներ հավաքագրել ինչպես ժամկետային զինծառայողների թվից, այնպես էլ՝ Հայաստանում ծառայության մեջ գտնվող պայմանագրային անձնակազմից։

Կրկնում եմ՝ կան մոդելներ, որոնք գործել են և դրանց փոփոխությունների ու նոր ձևաչափերի քննարկումները հնարավորություն են ստեղծում Արցախի զինուժի համալրման համար։

Իհարկե, ցանկության դեպքում զինկոմիսարիատների և Տեղական ինքնակառավարման մարմինների միջոցով կարելի է աշխատել հանրության ամենատարբեր շետերի հետ, հիմնել նոր մոդելի պայմանագրային/կամավորական ստորաբաժանումներ, որոնք մարտական ծառայություն կիրականացնեն Արցախում։

Ստեղծված իրավիճակն ու ժամանակակից իրողությունները մեզ ստիպում են, որ այս ամենին զուգահեռ բարձրացնել, ամրապնդել տեխնիկական միջոցների համալրվածության հարցը, իսկ ձևավորված նոր շփման գծում զրոյից համակարգեր ստեղծելու անհրաժեշտություն կա։

Գլխավոր սկզբունքը քիչ ուժերով մեծ խնդիրներ լուծելն է, որտեղ շեշտը պետք դրվի որակի և արդյունավետության վրա։

Ժամանակը շատ քիչ է, պետք է արագ գործել և գտնել Արցախի անվտանգության ապահովման ամենաարդյունավետ մոդելը ու արագ անցնել դրա գործարկմանը»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում