Տպավորություն է, որ ԳՇ նոր պետին նշանակել են բանակը ամբողջությամբ կազմաքանդելու նպատակով. Մովսես Հակոբյան

Տպավորություն է, որ ԳՇ նոր պետին նշանակել են բանակը ամբողջությամբ կազմաքանդելու նպատակով. Մովսես Հակոբյան

Սահմանադրության այն կետը, որը վերաբերում է բանակի անձնակազմի՝ քաղաքական հարցերին չխառնվելուն, վերաբերում է նաեւ բանակի գերագույն հրամանատարին, այսինք՝ վարչապետին։ Վերջինս չի կարող քաղաքական նպատակներով պաշտոնից ազատել պաշտոնյաներին: Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ԶՈՒ ԳՇ-ի հայտարարությանը, ասաց ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը։ Այս մասին տեղեկացնում է Tert.am-ը:

«ԳՇ-ի հայտարությունը հաջորդել է ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի պաշտոնանկությանը։ Հարց է առաջանում՝ ԳՇ պետի առաջին տեղակալը ինչի՞ համար է ազատվել, հանցագործությո՞ւն է կատարել, հայրենի՞ք է դավաճանել, պարտականությունները թերի՞ է կատարել։ Որեւէ հիմք չկար նրան ազատելու։ Տիրան Խաչատրյանի ազատումը քաղաքական բնույթ ուներ: Այդ դեպքում, եթե բանակը չպետք է զբաղվի քաղաքականությամբ, ուրեմն պետք է նաև քաղաքականությունը չբերել բանակ»,- ասաց Հակոբյանը:

Անդրադառնալով Օնիկ Գասպարյանի ազատման իրավական հիմքերին՝ Մովսես Հակոբյանը հիշեցրեց ներքին ծառայության կանոնագրքի մասին:

«Զինծառայության մասին օրենքը սահմանում է՝ վարչապետը իրավունք ունի նշանակելու եւ ազատելու ԳՇ պետին: Այստեղ հարց է առաջանում, թե որոնք են ազատման հիմքերը։ Եթե Օնիկ Գասպարյանը հանցագործ է կամ վատ է աշխատում, ապա թող ապացուցեն, եթե նրա հայտարարությունը քաղաքական է, ապա քրեական գործ թող հարուցեն: Անգամ ծառայողական քննություն չի անցկացվել։ Զինվորականները առաջնորդվում են ներքին ծառայության կանոնագրքով, որի առաջին գլխում այսպիսի կետ կա։ Եթե զինվորական օրենքները հակասում են միմյանց, ապա ներքին ծառայության կանոնագիրքը գերակա է մնացած օրենքների նկատմամբ։ Եւ այստեղ միանձնյա ղեկավարման սկզբունքը չպետք է խաթարվի։ Զինվորականը հրամանը կատարում է, ապա նոր բողոքարկում։

Եթե վաղը բողոքարկեն, որ Օնիկ Գասպարյանի դեմ օրենքը կիրառվել է անօրինական, այն օրենքը հետադարձ ուժ չի ունենա: Որեւէ մեկը չի կարող վերադառնալ այդ պաշտոնին: Օրենքը պահանջում է, որ այն անձը, որը կիրառել է անօրեն հրաման, կարող է ենթարկվել պատասխանատվության»,– մանրամասնեց Հակոբյանը:

Խոսելով Արտակ Դավթյանի նշանակման մասին՝ Մովսես Հսկոբյանը հիշեցրեց, որ ԳՇ նորանշանակ պետի թեկնածությունը այդքան էլ ցանկալի չէր իր համար:

«Ես մի անգամ էլ եմ ասել, որ տպավորություն է՝ Արտակ Դավթյանին նշանակել են ապացուցելու համար, որ 44-օրյա պատերազմից հետո բանակը քանդված չէ եւ նշանակել են, որ ամբողջությամբ քանդվի»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում