Էրդողան. «Թուրքիան կներդնի բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման համար»

Էրդողան. «Թուրքիան կներդնի բոլոր ջանքերը նոյեմբերի 9-ի հայտարարության իրագործման համար»

Թուրքիան կներդնի բոլոր ջանքները նախորդ տարվա նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդների կողմից ստորագրված համատեղ հայտարարության իրագործման համար։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության 7-րդ համագումարի ժամանակ։

«Արյունալի սպանությունները, որոնք կատարվել են 30 տարի առաջ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի տարածքի 20 %-ի բռնազավթման ժամանակ, դարձել են չսպիացող վերք ոչ միայն մեր ադրբեջանցի եղբայրների, այլև մեր սրտերում»,- հայտարարել է Էրդողանը։

Թուրքիայի նախագահը ոչ արդյունավետ է համարել ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը։ Նա պնդել է, թե իբր Հայաստանն է դիմել սադրանքի, որի հետևանքով սկսվել են ակտիվ մարտական գործողությունները։

«Այս ողջ ընթացքում Ադրբեջանը ջանքեր է գործադրել հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ։ Երբ նախորդ տարվա սեպտեմբերի 27-ին Հայաստանը ձեռնարկեց հերթական սադրանքը և հարձակման անցավ, Ադրբեջանն անցավ հակահարձակման և մենք կանգնեցինք մեր եղբայրական երկրի կողքին»,- նշել է Էրդողանը։

Զուգահեռաբար Թուրքիայի գործող նախագահը վերընտրվել է «Արդարություն և զարգացում» կուսակցության նախագահի պաշտոնում։ Նրա օգտին միաձայն կողմ են քվեարկել բոլոր 1428 պատվիրակները։ Ընդորում, նա եղել է այդ պաշտոնում միակ թեկնածուն։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում