ՌԴ-ն մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավապահների պահանջը. պաշտպան

ՌԴ-ն մերժել է Գևորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավապահների պահանջը. պաշտպան

Ռուսաստանի Դաշնությունը մերժել է ՀՀ նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հետախուզում հայտարարելու վերաբերյալ ՀՀ իրավասու մարմնի պահանջը։ Այս մասին NEWS.am-ին հայտնեց Կոստանյանի պաշտպան Գեւորգ Գեւորգյանը։

Նա նշեց, որ մերժելու մի քանի հիմքեր կան. «Մերժելու հիմքը՝ ապօրինի պահանջն է։ Հիմքերից են նաեւ քաղաքական, ապօրինի հետապնդումները»։

Հիշեցնենք, որ Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել էր, որ իր մոտ է հայտնվել Միջազգային քրեական ոստիկանությունից Հայաստանի ոստիկանության Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյին ուղղված փաստաթուղթ, որտեղ նշվում է՝ Ինտերպոլի գլխավոր քարտուղարությունը եկել է եզրակացության, որ Կոստանյանին առնչվող գործը քաղաքական հետապնդում է նրա նկատմամբ եւ մերժել Հայաստանի հետ համագործակցել՝ կոնկրետ այս դեպքով:

«Փաստորեն, Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը թե´ Ռուսաստանի Դաշնության իրավասու մարմինների, թե´ Ինտերպոլի կենտրոնական մարմնի կողմից գնահատվել են որպես անօրինական, ինչը կրկին վերահաստատում է մեր այն եզրահանգումը, որ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը որեւէ փաստական կամ իրավական հիմք չունի, այդ կապակցությամբ որեւէ ապացույց չկա եւ չի էլ կարող լինել»,- նշեց պաշտպանը։

Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հայտարարության մասին տեղեկանալուց անմիջապես հետո դրանում նշված փաստարկները պաշտպանի կողմից ներկայացվել են ՀՀ վերաքննիչ քրեական դատարան՝ Գեւորգ Կոստանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջը քննարկելիս դրանք որպես նոր հանգամանքներ հաշվի առնելու նպատակով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում