«Փողոցներում ամեն տեղ գրված չէ՝ «վերջ թավիշին», այլ գրված է՝ «մահ դավաճանին»». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«Փողոցներում ամեն տեղ գրված չէ՝ «վերջ թավիշին», այլ գրված է՝ «մահ դավաճանին»». Հրանտ Մելիք-Շահնազարյան

«ԲՀԿ-ն, «Հայրենիքը» և շատ այլ ուժեր, որոնք համաձայնել են մասնակցել արտահերթ խորհրդարանական ընտրություններին, ընտրությունները դիտարկում են՝ որպես պլան մաքսիմում, այսինքն՝ պլան մինիմումը կամ արագ լուծելու խնդիրը մինչև խորհրդարանական ընտրությունների կայանալը դավաճանի հեռացումն է։ Բայց եթե չի ստացվում փողոցի ճնշմամբ կամ այլ քաղաքական ճանապարհներով, ապա որպես հեռանկար՝ տեսնում են նաև ընտրություններին մասնակցելու միջոցով այդ խնդրի լուծումը: Համենայնդեպս, փաստն այն է, որ հայտարարելով իրենց պատրաստակամության մասին՝ մասնակցել ընտրություններին, նրանք շարունակում են լինել «Հայրենիքի փրկության շարժման» մաս կազմող քաղաքական ուժեր, նաև որպես ՀՓՇ անդամ՝ եղավ այլ հայտարարություն, որ «Առանց Նիկոլ Հայաստան» օրակարգը շարունակում է ակտուալ մնալ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

Նրա խոսքով՝ պետք է ամեն ինչ անել, որպեսզի Փաշինյանի վարչապետության ժամանակ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ չանցկացվեն. «Պատճառը շատ պարզ է՝ նախ՝ այդ ընտրությունները կեղծվելու են, այսինքն՝ դրանք ամեն դեպքում չեն արտահայտելու քաղաքական իրավիճակը և հանրության տրամադրությունները, և երկրորդ՝ Փաշինյանի կազմակերպած ընտրություններն իրենց հիմքում լինելու են ոչ թե խորհրդարանական (այսինքն՝ ընտրությունները չեն լինելու այն մասին, թե Հայաստանում ով է իշխանություն լինելու և ով՝ ոչ), այլ ընտրությունները լինելու են այն մասին, թե արդյո՞ք հայ ժողովուրդն ընդունում է կապիտուլյացիոն ակտը, որը ստորագրել է դավաճան Նիկոլը, թե՞ չի ընդունում: Այսինքն՝ պատերազմի արդյունքներն ընդունելի՞ են, թե՞ ոչ:

Այս երկու հարցադրման դեպքում էլ դավաճան իշխանությունն աշխատել է հակառակ մեր պետական շահի, այսինքն՝ երբ Նիկոլն ամեն ինչ անի, որ վերընտրվի, դրանով նշանակելու է, որ ամեն ինչ անում է, որ հայ ժողովուրդը հաշտվի պարտության մտքի հետ և ընդունի այն իրողությունները, որոնք ի սկզբանե և սկզբունքորեն չեն կարող ընդունելի լինել մեր ժողովրդի համար»:

Անդրադառնալով Փաշինյանի մարզային հանդիպումներին, նա նկատեց, որ Փաշինյանն ազատ չի տեղաշարժվում, գաղտնի է պահում իր այցելությունների վայրերը, անսպասելի հայտնվում է այնտեղ և անսպասելի վարչական ռեսուրսով բերում՝ երեխաներով կենդանի վահան են կառուցում Նիկոլի դիմաց, որ ինքն իրեն ավելի անվտանգ զգա: Դա քարոզարշավ էլ չէ, թեպետ այդպես են փորձում ներկայացնել:

Իմ կարծիքով՝ հիմա ռեժիսորական աշխատանք է տարվում իշխանական թիմի կողմից՝ ցույց տալ, թե իբր դավաճանի կողքին կան մարդիկ, որպեսզի հետագայում, երբ իրենք վարչական լծակներով կամ զուտ կեղծ թվեր գրելով՝ ցույց տան հաղթանակը, այդ կադրերն էլ լինեն այն ֆոնը, որը պետք է իբրև համոզիչ դարձնի դավաճանի հաղթանակը»:

Արագածոտնի մարզում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր. «Իրողությունը հետևյալն է՝ մենք էս տարածաշրջանում պետք ա ապրենք, բայց էս տարածաշրջանում մեր ապրելու կամ էս տարածաշրջանի ամենամեծ խնդիրը որն ա։ Խնդիրը հետևյալն ա, որ մեզ ընկալում են՝ որպես թշնամի, և մենք ընկալում ենք՝ որպես թշնամի։ Քանի մեզ ընկալում են՝ որպես թշնամի, էնքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի։ Ինչքան մենք ընկալում ենք՝ որպես թշնամի, էնքան մեզ ընկալում են՝ որպես թշնամի։ Եվ նույնիսկ շատ դժվար ա գտնել էն մեկնարկային կետը, որից էս պրոցեսը սկսվել ա»:

Հրանտ Մելիք-Շահնազարյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ է նշանակում՝ դժվա՞ր է գտնել մեկնարկային կետը, սա պատմության չիմացությա՞ն, դիտավորությա՞ն, թե՞ թշնամու թեզերն առաջ քաշելու Փաշինյանի հերթական փորձերից է:

Ի պատասխան՝ Հրանտ Մելիք-Շահնազարյանն ասաց, որ հակված է երրորդ տարբերակին՝ Փաշինյանը շարունակում է ծառայել թշնամուն.

«Նա փորձում է մոռացության տալ մեր բոլոր կորուստները, ընդ որում՝ ոչ միայն վերջին շրջանում ունեցած մեր կորուստները, այլ պատմականորեն, հայրենիքի ամբողջ կորուստը փորձում է մոռացության տալ և չի կարողանում հիշել, թե ինչից սկսեց, ինչից ծագեց այդ թշնամությունը: Նման մոտեցումը շատ բնորոշ է դավաճանին, մենք բազմիցս ենք ականատես եղել պացիֆիստական քարոզների՝ այդ ընտանիքի կողմից այն պարագայում, երբ սահմանում կանգնած մեր զինվորները բառիս բուն իմաստով ամեն օր մահի հետ դեմ հանդիման են եղել, և այդ վտանգները որևէ կերպ չեն չեզոքացվել, ճիշտ հակառակը՝ իշխանության քաղաքականությունը մեծացրել և հասցրել է նրան, որ լինի լայնածավալ պատերազմ, ունենանք կորուստներ, և այլն: Իսկ հիմա ասում է՝ չենք կարող հիշել, թե այդ թշնամությունը որտեղից է սկսվել: Նույն բառապաշարն է, ինչ օգտագործում են Ալիևն ու Էրդողանը՝ տարբեր միջազգային կառույցներում իրենց քարոզչական թեզերն առաջ տանելիս: Սա լրացուցիչ փաստարկ է նրա, որ գործ ունենք դավաճան իշխանության հետ, բայց նաև հռետորական հարց՝ արդյո՞ք մենք լրացուցիչ փաստարկների կարիք ունենք՝ հասկանալու համար այդ իրողությունը»:

Քաղաքագետն ընդգծեց, որ գործող իշխանություններն անպատիժ չեն մնալու. «Այս իշխանությունը կանգ չի առնում, շարունակում է ստի տրամաբանության մեջ գործել: Իրենք կարծում են, որ մնալու են անպատիժ, բայց չարաչար սխալվում են: Մեր ԱԱԾ-ն հիմա զբաղված է ֆեյք բռնելով, շոկոլադներ նկարելով, որը ցավալի է ինձ համար, բայց ես ավելի քան վստահ եմ, որ այս համընդհանուր արժեզրկման մթնոլորտի անցումից հետո մենք ունենալու ենք իրական ԱԱԾ, որը բոլոր դավաճաններին կանգնեցնելու է արդարադատության առջև»:

Նրա վստահությունը պայմանավորված է մի քանի հանգամանքներով. «Նախ՝ այս շրջադարձային իրավիճակները երկար չեն տևում, ինչ-որ մի պահի հանրությունը հանդարտվում է և սկսում գնահատել իր անցած ճանապարհը, կորուստների չափը, ռիսկերը, որոնց առջև կանգնել է, և այլն: Այսինքն՝ հնարավոր չէ ժողովրդին, ներողություն այս բառիս համար, բայց երկար ժամանակ ապուշացրած պահել: Գալիս է ինչ-որ մի պահ, երբ մարդիկ արթնանում են, դուրս են գալիս այդ նիրհից և հասկանում են, որ պետք է գործել: Այդ արթնացման պահը արագ է ընթանում: Հիմա արդեն լուրջ պահանջ կա ժողովրդի կողմից՝ հեռացնել դավաճանին, և այդ պահանջն արտահայտվում է ամենատարբեր ձևերով»:

Դիտարկմանը՝ իշխանություններն էլ ասում են, թե իրենցից պահանջում են վերացնել թավիշը, լռեցնել այն մարդկանց, ովքեր իրենց դավաճան են անվանում և այլն, նա արձագանքեց. «Իշխանությունները չեն ստում, իրենց առջև էլ հանրության մի հատված դնում է նման խնդիրներ, բայց կարևոր առանձնահատկությունն այն է, որ երկու տարի առաջ, պայմանական ասած՝ հանրության 80 տոկոսն էր նման խնդիր դնում, այսօր ակնհայտորեն նման խնդիր դնողների թիվը նվազել է, եթե չասեմ, որ մնացել են առանձին անհատներ: Համենայնդեպս, փողոցներում ամեն տեղ գրված չէ՝ «վերջ թավիշին», այլ գրված է՝ «մահ դավաճանին»»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Հետևեք մեզ նաև Telegram-ում