Իսրայելի ու Իրանի միջև պայքարը ծովում ակտիվացել է. The New York Times

Իսրայելի ու Իրանի միջև պայքարը ծովում ակտիվացել է. The New York Times

Վերջին տարիներին իսրայելական և իրանական ուժերն ակտիվացրել են պայքարը ծովում և կազմակերպել են մի շարք հարձակումներ միմյանց նավերի վրա: «The New York Times»-ում հրապարակված հոդվածի մանրամասները ներկայացնում է ՏԱՍՍ-ը:

«Իսրայելն ու Իրանը երկար տարիներ գաղտնի պատերազմ են մղում ողջ Մերձավոր Արևելքում, հիմնականում՝ ցամաքում և օդում: Այժմ հարվածի տակ են Միջերկրական և Կարմիր ծովերի նավերը»,- ասվում է հոդվածում:

Ըստ պարբերականի աղբյուր հանդիսացող պաշտոնատար անձանց՝ 2019 թվականից ի վեր Միջերկրական ծովի արևելքում և Կարմիր ծովում Իսրայելը հարձակվել է իրանական նավթ ու զենք տեղափոխող նավերի վրա: «Իրանը դրան ի պատասխան, առանց ուշադրություն գրավելու, իրականացրել է գաղտնի գրոհներ»,- ասվում է հոդվածում:

Ըստ աղբյուրների՝ 2019 թվականից իսրայելցի դիվերսանտները կազմակերպել են հարձակումներ իրանական բեռներ տեղափոխող առնվազն 10 նավի վրա: Ինչպես նշվում է հոդվածում, իրանական կողմը կարծում է, որ հարձակման է ենթարկվել 20 նավ: Հիմնականում խոսքը գնում է այն նավերի մասին, որոնք վառելիք կամ զենք էին տեղափոխում Սիրիա:

«Իրանի պատասխանի չափը պարզ չէ: Հարձակումների մեծ մասն իրականացվում է գաղտնի և առանց պատասխանատվության հրապարակային ընդունման»,- նշվում է հոդվածում:

Ինչպես ասվում է հոդվածում, երկու կողմերն էլ օգտագործում են ծովային ականներ: Իրանական ուժերն առնվազն մեկ անգամ հրթիռով հարվածել են իսրայելական բեռնարկղային նավին, իսկ իսրայելական ուժերը տորպեդներ են օգտագործել: Պարբերականը հայտնում է, որ այս գործողությունների արդյունքում նավերի մի մասը վնասվել է:

Պարբերականի լրագրողների կողմից հարցված փորձագետները նշում են, որ երկու կողմերն էլ փորձում են խուսափել բացահայտ բախումից, բայց, այնուամենայնիվ, սրացման վտանգ կա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում