Թուրքիան ավելի կխստացնի իր կեցվածքը ՀՀ նկատմամբ. Դեմոյան

Թուրքիան ավելի կխստացնի իր կեցվածքը ՀՀ նկատմամբ. Դեմոյան

Վերջին շրջանում իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից հաճախ են հնչում տեսակետներ, թե Թուրքիայի և Ադրբեջանի նկատմամբ ունեցած թշնամական կեցվածքը պետք է փոխել կամ՝ պետք է շտկումներ մտցնել Թուրքիայի նկատմամբ Երևանի մոտեցումներում։

Ինչի՞ է ուզում իշխանությունն իր այս հայտարարություններով հասնել և ի վերջո՝ ո՞րն է վերջնանպատակը, հնարավո՞ր է Թուրքիայի հետ բարեկամական հարաբերություններ հաստատել կամ արդյոք հնարավոր է Թուրքիան մի օր փոխի իր թշնամական վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ:

Այս հարցերի վերաբերյալ Panorama.am-ը զրուցել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի հետ:

Panorama.am- Պարոն Դեմոյան, ինչո՞ւ է իշխանության կողմից տարվում այն գիծը, որ Թուրքիայի նկատմամբ մոտեցումներում պետք է փոփոխություններ լինի:

Հ.Դեմոյան – Կեղծ, շինծու օրակարգով իշխանության եկած ուժն իր օրակարգում ունեցել է նաև Թուրքիայի հետ ամեն գնով հարաբերությունների հաստատումը: Վատն այն է, որ ամեն գնով է դա արվում: Ես ոչ ազգայնական եմ, ոչ նեղմիտ, ոչ էլ այլատյաց: Ես էլ եմ կարծում, այո, պետք է գտնել հարաբերությունների եզր: 11 տարի լինելով Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն՝ երբևէ չեք գտնի որևէ հարցազրույց, հանրային հայտարարություն, որտեղ հակաթուրքական, այլատյաց լեզու օգտագործած լինեմ:

Կարող եք նայել և տեսնել 2015 թվականին պատրաստած թանգարանի նոր ցուցադրությունը, որևէ թիրախավորում, այլատյացության լեզու չկա: Կա պատմական նյութի մատուցում, ինչով էլ հզոր և ուժեղ է ցուցադրությունը:

Գալով ամեն գնով հարաբերությունները հաստատելուն՝ մենք տեսանք, թե Արցախում դա ինչով ավարտվեց: Իմ խորին համոզմամբ, ներդրված ուժը, որը սպասարկում է շահառուներին, իրականացնում է երկրորդ խոշոր գործարքը, որին պատրաստ չէ: Իրականում, ամբողջ խնդիրն այն է, որ իրենք պատրաստ չեն ոչ ինտելեկտուալ առումով, ոչ էլ մեկնարկային առավելությունների առումով: Իրենք որևէ մեկնարկային առավելություն չունեն, հետևաբար, պրոցեսն ու ցանկությունը դատապատված է, և մենք՝ հայկական կողմը, սփյուռքը, հայտնվելու ենք պայմաններ, առաջադրանք կատարողի դերում. չէ՞ որ դու անընդհատ խնդրում ես, դու դառնում ես կատարող:

Իսկ ամենավտանգավորը՝ կայսերական անցյալներ ու կայսերական հավակնություններ ունեցող պետության պարագայում, երբ որ խնդրողի դերում ես, այդ դեպքում կայսրությունները նաև քեզ պատժում են որպես թույլի:

Չմոռանանք՝ Բաքվի շքերքի ժամանակ Թուրքիայի նախագահ Էրդողանը հիշեց Էնվերի հոգու հանգստության մասին:

Այսօրվա իշխանություններին, եթե այլ բնորոշում տանք բացի կեղծ օրակարգերով եկած, սրանք մոռացության կոնստրուկցիա են առաջ տալիս: Չմոռանաք՝ առաջին նախերգանքը Հայոց ցեղասպանության թեման հիշողության թեմայի վերաձևելն էր՝ «Հիշում եմ և պահանջում» կարգախոսից «պահանջում եմ» բառը հանելով ու Հարություն Մարությանին Ծիծեռնակաբերդ խցկելն էր: Ուղղակի Արցախի հարցը էքստեռն կարգով սարսափելի հետևանքներով լուծելու հարցն առաջ ընկավ:

Հիմա արդեն ամեն ինչ իր տրամաբանության մեջ է՝ ինչու Հարություն Մարությանը Խառատյանների թայֆաբազության արդյունքում հայտնվեց Ծիծեռնակաբերդում, ինչու Փաշինյանը ստորագրեց հոգաբարձուների խորհրդի այն կազմը, որտեղ ձայների մեծամասնություն պետք է ստանար ազգագրագետ Հարություն Մարությանը, որը ցեղասպանության թեման ոչ ավելի, ոչ պակաս որակում է քաղաքական հարց, որը չի մեկնաբանում, ասել է նաև, որ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարաձությունների մասնագետը չէ:

Եթե Փաշինյանն ընտրում է հոգաբարձուների խորհուրդ, և այդ հոգաբարձուների խորհրդի 11 անդամներն իրենց ձայնը տալիս են մի մարդու, որն ասել է՝ 100 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասնագետը չէ, տրամաբանական հարցը ո՞րը պետք է լինի՝ իսկ ում եք ընտրել տղաներ և աղջիկեր: Ձեր ընտրությունն, իհարկե, կանխորոշված է եղել, գիտեք՝ ում և ինչի համար եք Ծիծեռնակաբերդը չեզոքացնում: Շատ լավ գիտեին, որ Հայկ Դեմոյանի պարագայում Ծիծեռնակաբերդից այլ շեշտադրումներ, ելույթներ կհնչեին: Դրա համար բերեցին ազգագրագետի:

Հարություն Մարությանի բոլոր գործողությունները, պաշտոնական հայտարարությունները, թանգարանը վարկաբեկելու խոսքերը… Այդ թվում անցած տարի մայիսին ԱԺ ամբիոնից դեռ այդ ժամանակ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հայտարարությունը, որ իբր կորել են արժեքավոր նյութեր, մինչդեռ այդ պահին դեռ հաշվառումը չէր ավարտվել և չուներ փաստաթուղթ, որի վրա ինքը կարող էր հղում անել:

Կորուստների գծով քրեական գործ հարուցվել էր իմ նախաձեռնությամբ դեռ 2007 թվականին, որի ընթացում որպես վկա հարցաքննվել են Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը: Սրանք փաստեր են: Արայիկ Հարությունյանը թերևս չգիտեր, դրա համար իր կոլեգաներին, այդ թվում ԱԺ նախագահին, տարավ, մտցրեց ծուղակը: Հիմա բոլոր հիմքերն ու իրավունքներն ունեմ, որպեսզի պահանջեմ վերաբացվի 2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործը, քանի որ Արայիկ Հարությունյանի հայտարարությունից հետո կարող եմ ենթադրել, որ գործի հետ կապված նոր հանգամանքներ են ի հայտ եկել:

Եկեք վերաբացենք ու հարցաքննենք ձեր կոլեգաներին: Կուզենայի այդ գործը վերահսկեր Փաշինյանն ու զեկուցեր հայությանը, թե ինչ նոր հանգամանքներ են բացահայտվել այն գործով, որով ժամանակին հարցաքննվել էին նաև Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը:

Հայաստանի իշխանությունները միջազգային օրակարգում, պայմանավորվածություններում լոկ սպասարկող անձնակազմի դերում են հիմա հայտնվել՝ վեցնոցի կարգավիճակով: Այս դեպքում իրենք կատարողի դերում են, դրա համար են իրենք եկել, դրա համար իրենց կարողացան անցկացնել:

Այն օրակարգով, որով եկան, ունեին ընտրված կոդեր՝ որտեղ ինչ պետք է անել, որ ժամանակին ինչ պետք է անել, «Երկրապահին» ինչպես չեզոքացել, Ծիծեռնակաբերդն ինչպես կողպել, որ այնտեղից հայտարարությունների ու գործողությունների ձևով ինֆորմացիայի հոսքեր տեղի չունենան: Սա է ողջ շղթան:

Panorama.am – Ինչ եք կարծում՝ Թուրքիան մի օր կփոխի՞ իր հայատյաց կեցվածքը, ինչպես նախօրեին արտգործնախարար Արա Այվազյանն ասել էր՝ «ես չեմ կարծում, որ Թուրքիան երբեք չի փոխի իր հայատյացության այդ կեցվածքը»։

Հ.Դեմոյան- Ոչ, ավելի կխստացնի, քանի որ դու խնդրողի դերում ես ու պարտվածի կարգավիճակում: Որևէ արգելափակող գործոն Թուրքիայի համար չկա, կա մի բան՝ անցկացնել իր պանթուրքական գլխավոր օրակարգը:

Panorama.am- Ի վերջո այս ամեն ինչի՞ կհանգեցնի, ի՞նչ կունենանք:

Հ.Դեմոյան- Լավ բանի չի հանգեցի: Դա ակնհայտ է, քանի որ գործ ունենք իշխանությունների հետ, որոնք չունեն բավարար կրթվածության, ինտելեկտուալ մակարդակ, որպես այդպիսին քաղաքական մարգինալների հավաքածու է, որոնց ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում հայտնաբերել են ցանկալի նպատակներն իրագործելու համար:

Panorama.am- Խոսվում է նաև Հայոց ցեղասպանության ճանաչման թեման միջազգային օրակարգից դուրս հանելու մասին: Հնարավո՞ր է:

Հ.Դեմոյան- Չեմ զարմանում, հենց դրան էլ գնում է: Թուրքիան շահում է շատ էժան ու որակով տարբերակով՝ առանց որևէ ռեսուրս ծախսելու և ամենահոյակապը՝ պարտված իշխանության հետ պայմանների լեզվով խոսելով:

Panorama.am- Պարոն Դեմոյան, այս ամենի դեմն առնելու ճանապարհը ո՞րն է:

Հ.Դեմոյան- Կա ճանապարհ՝ մեզ համար Սյունիքը որպես հաղթաթուղթ դիտարկելն է, իսկ մենք այսօր պատրաստ ենք ծալապատիկ, կքված դիրքով հանձնել նաև Սյունիքը: Այնինչ, ամբողջ ճնշումը գործադրվում է այդ միջանցքի համար, իսկ դա ներկա իշխանությունը մանրադրամի տեսքով է ուզում վաճառել: Ամենահզոր ու ամենամեծ նշանակություն ունեցող բանը Սյունյանց 40 կիլոմետրանոց լեռներն են:

Panorama.am- Շնորհակալություն զրույցի համար:

Զրուցեց՝ Տաթևիկ Մանուկյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում