Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երևանից գնացել էր Գյումրի ու սպանել իրեն վիրավորած օգտատիրոջը․ ոստիկանության բացահայտումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մարտի 27-ին Գյումրիում սպանություն էր կատարվել։ Ամեն ինչ սկսվել էր նրանից, որ երկու օգտատեր ծանոթացել, շփվել էին սոցցանցի միջոցով, քննարկել տարբեր հարցեր, իսկ մի օր էլ տհաճ երկխոսությունը սպանության պատճառ էր դարձել: ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են՝ օգտատերերից մեկը պարզել էր, թե որտեղ է բնակվում մյուս օգտատերը, բնակարանից դուրս էր հրավիրել ու հենց շքամուտքում դանակահարել էր:

Այս ամենը պարզվեց հետո, իսկ մինչ այդ, ժամը 16-ի սահմաններում, շտապօգնության կայանից ոստիկանության Կումայրիի բաժին հաղորդում էր ստացվելու, որ Գյումրիի Երևանյան խճուղու շենքերից մեկում՝ աստիճանների վրա, հայտնաբերվել է տղամարդու դի՝ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով:

Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը ճշտեց մահացածի ինքնությունը՝ նույն շենքի 25-ամյա բնակիչ էր։

Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ։

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության, Շիրակի մարզային վարչության և Մուշի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում, ինչպես և նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվեց, որ հանցագործությունը կատարել է Երևան քաղաքի 17-ամյա մի բնակիչ։ Բացատրական աշխատանքի արդյունքում նա մարտի 29-ին ներկայացավ ոստիկանության Կումայրիի բաժին և խոստովանեց կատարածը։

17-ամյա երիտասարդը ներկայացվել է Շիրակի մարզային քննչական վարչություն:

Հանգամանքները պարզվում են։

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Հետևեք մեզ նաև Telegram-ում