Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը

Հայտնի է 26–ամյա կնոջ և նրա 7 տարեկան դստեր մահվան պատճառը

Երևանյան բնակարաններից մեկում այսօր հայտնաբերված 26–ամյա կնոջ ու 7 տարեկան դստեր մահվան պատճառը եղել է շմոլ գազը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի ծառայությունը։

Նշենք, որ այսօր` ժամը 00:40-ին, Արաբկիր շտապօգնության ենթակայանից ՀՀ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ էր ստացվել այն մասին, որ Երևան քաղաքի Ռուբինյանց փողոցի բնակարաններից մեկում հայտնաբերվել են մոր և դստեր դիերը:

«Քննչական-օպերատիվ խմբի կողմից կատարված դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է 26-ամյա կնոջ և նրա 7-ամյա դստեր դիերը, որոնց մարմինների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել: Համաձայն վերջիններիս մահվան մասին բժշկական վկայականի պատճենների՝ նրանց մահվան պատճառն է հանդիսացել «Օրգանիզմի սուր թունավորումը՝ ածխածնի մոնոօքսիդով»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) 3-րդ մասով:

Նշանակվել են դիակի դատաբժշկական և դատատեխնիկական փորձաքննություններ, կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում