Դրամի արժեզրկումը շարունակվելու է. Առաջնային հետևանքը գնաճն է. փորձագետ

Դրամի արժեզրկումը շարունակվելու է. Առաջնային հետևանքը գնաճն է. փորձագետ

Դրամի արժեզրկման գործընթացը տևական ժամանակ է, ինչ շարունակական բնույթ է կրում և պլանավորված է այն արտարժույթի պակասուրդով, որն այսօր կա Հայաստանի տնտեսությունում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Լիլիա Ամիրխանյանը։

Հայկական դրամի արժևորման գործընթացի ապահովման համար պետք է կիրառվեն արտահանման, օտարերկրյա ներդրումների և ԿԲ ռեզերվների միջոցները, մինչդեռ արտահանման անկումը դեռ երկնիշ ցուցանիշով է, հետևաբար դրական հեռանկար դեռևս չկա. «Կենտրոնական բանկի ռեզերվների և օտարերկրյա ներդրումների հետ կապված նույնպես դրական միտում չկա։ Այսինքն` չունենալով հակազդող լուրջ գործողություններ՝ դրամի արժեզրկման գործընթացը շարունակվելու է»,- նշեց փորձագետը։

Դրամի արժեզրկման առաջնային հետևանքը գնաճն է, որը դեռ պահպանվում է։ Մակրոտնտեսական ցուցանիշների առումով այս պահին գուցե անկայունություն առկա չէ, բայց փորձագետի խոսքով ներկայիս իրավիճակը հղի է նման մարտահրավերներով։

Դրամի արժևորման համար արտարժույթի ռեզերվների ավելացում պետք է լինի արտահանման, օտարերկրյա ներդրումների ուղղություններով, սակայն փորձագետի խոսքով Հայաստանի տնտեսական և քաղաքական անկայունության պարագայում խելամիտ չէ խոսել օտարերկրյա ներդրումների մասին։

Անդրադառնալով վարչապետի այն հայտարարությանը, որ պետբյուջեի եկամուտներն առաջին եռամսյակի տվյալներով գերակատարվել են ավելի քան 20 մլրդ դրամով, փորձագետը նկատեց՝ վարչապետի հայտարարությունները նպատակ ունեն հանրությանն ապացուցել, որ ներկայիս իշխանությունները կարողանում են վերահսկել իրավիճակը.

«Վերջին շրջանում տարբեր հարթություններից փորձում են հետպատերազմյան որոշակի օգուտների մասին խոսել, այդ թվում նաև ապաշրջափակման օգուտների։ Չի բացառվում, որ այս ամենն այդ տրամաբանության ներքո է իրականացվում, որպեսզի հանրային տրամադրություն ստեղծվի, որ ամեն ինչ կարգավորվում և վերականգնվում է»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Վերջինս նկատեց՝ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով դեռ անկում ենք գրանցում։ Անկման տեմպի դանդաղում կա, բայց պետք է նպաստել զրոյական կետին հասնելուն, ինչից հետո միայն կարող ենք մտածել տնտեսությունը վերականգնելու մասին։

«Անկում կա համախառն ներքին արդյունքի համար մեծ նշանակություն ունեցող հիմնական ոլորտներում՝ առևտրաշրջանառություն, արտաքին առևտրաշրջանառություն, ծառայություններ։ Բավական բարձր անկում է շարունակում գրանցվել արդյունաբերության ոլորտում, ինչը ևս բավական մեծ տեղ և դիրք ունի Հայաստանի համախառն ներքին արդյունքի ձևավորման մեջ։ Երբ շարունակական անկում ունենք և էկոնոմիկայի նախարարը խոսում է «համարյա» վերականգնման մասին, գուցե իրավունք տանք մեզ մտածելու, որ իրավիճակը վերահսկելի չէ, որովհետև միան իրավիճակի ճիշտ և օբյեկտիվ գնահատականի պարագայում կարող ենք խոսել վերահսկելիության մասին»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Փորձագետը նշեց, որ Համաշխարհային բանկը տարածաշրջանի երկրների տնտեսության վերականգնման հետ կապված հանդես եկավ զեկույցով, որտեղ հստակ ուղերձներ կային, որ Հայաստանի տնտեսական աճն այս տարի կվերականգնվի, սակայն զեկույցում նշված էր նաև ներդրումային թույլ գրավչության կա.

«Նշված է, որ Հայաստանի արտաքին պարտքը կավելանա և կանցնի ՀՆԱ-արտաքին պարտք 70 տոկոսի շեմը։ Այս ազդակները ևս խոսում են այն մասին, որ Հայաստանի տնտեսության վերականգնումը դեռ լուրջ խնդիրների առջև է կանգնած, և արտաքին տնտեսական խաղացողները տնտեսության վերականգնումը պատկերացնում են պետական պարտքի ավելացման տարբերակով։ Դժվար է ասել, թե այս իշխանությունը որքանով է ունակ արտաքին պետական պարտքի ավելացումը պահպանել կառավարելիության շրջանակներում, քանի որ դա կախված կլինի այնպիսի արդյունավետ գործողություններից, ինչի արդյունքում ներգրավվող արդյունքները կուղղվեն երկրում տնտեսական աճի ապահովմանը»,-նշեց Լիլիա Ամիրխանյանը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում