ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանն ակնարկել է AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու մտադրության մասին. Reuters

ԱՄՆ-ի գլխավոր վարակաբանն ակնարկել է AstraZeneca պատվաստանյութից հրաժարվելու մտադրության մասին. Reuters

Անգլո-շվեդական AstraZeneca ընկերության COVID-19-ի դեմ պատվաստանյութն ԱՄՆ-ին կարող է անհրաժեշտ չլինել, նույնիսկ եթե դրա կիրառումը հաստատվի ԱՄՆ-ի կարգավորող մարմնի կողմից, հինգշաբթի Reuters-ին ասել է ԱՄՆ-ի գլխավոր վարակաբան Էնթոնի Ֆաուչին:

Պատվաստանյութը, որը ժամանակին գնահատվում էր որպես COVID-19 համավարակի դեմ պայքարի կարևորագույն ձեռքբերումներից մեկը, վերջին շրջանում կասկածների տեղիք է տվել` չնայած, որ դրա կիրառումը հաստատվել է տասնյակ երկրներում:

Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն, համավարակի դեմ պայքարի հարցերով Սպիտակ տան գլխավոր խորհրդական Ֆաուչին ասել է, որ Միացյալ Նահանգները բավարար պայմանագրեր ունեն այլ պատվաստանյութեր արտադրողների հետ երկրի ամբողջ բնակչությանը պատվաստելու և անհրաժեշտության դեպքում աշնանը պատվաստման արշավն ընդարձակելու համար:

Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ն կօգտագործի AstraZeneca պատվաստանյութի չափաբաժինները, նա պատասխանել է. «Այդ հարցն օդում է: Իմ ընդհանուր զգացողությունն այն է, որ հաշվի առնելով այն պայմանագրային կապերը, որոնք մենք ունենք մի շարք ընկերությունների հետ, մենք բավարար պատվաստանյութ ունենք մեր բոլոր կարիքները հոգալու համար՝ առանց AstraZeneca-ին դիմելու»:

Մարտին երկրները զանգվածաբար սկսել են դադարեցնել AstraZeneca պատվաստանյութի օգտագործումը: Պատճառը պատվաստվածների օրգանիզմում արյան հյուսվածքի և արյան մակարդման խանգարումների առաջացումն էր, ինչը որոշ դեպքերում հանգեցրել է մահվան: Մասնավորապես, Նորվեգիան, Շվեդիան, Ֆինլանդիան, Իսլանդիան և Իռլանդիան ժամանակավորապես հետաձգել են AstraZeneca-ով պատվաստումը: Այս երկրները չեն վերականգնել դեղորայքի օգտագործումը նույնիսկ այն բանից հետո, երբ Եվրոպական դեղերի գործակալությունը (EMA) ուսումնասիրություն է անցկացրել և ասել, որ չկա որևէ ապացույց AstraZeneca-ի հետ պատվաստման և թրոմբների առաջացման վտանգի միջև կապի մասին: Մինչդեռ Ֆրանսիայի, Գերմանիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի և մի շարք այլ երկրների իշխանությունները, ընդհակառակը, այս հայտարարությունից հետո վերսկսել են դեղամիջոցով պատվաստումը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում