Եթե ձվի շուկայում լինի հակամրցակցային համաձայնություն, կամ արհեստական դիֆցիտ, դա նույնպես ուսումնասիրում ենք և արդյունքները կիմանանք 90 օր հետո․ Գեղամ Գևորգյան

Եթե ձվի շուկայում լինի հակամրցակցային համաձայնություն, կամ արհեստական դիֆցիտ, դա նույնպես ուսումնասիրում ենք և արդյունքները կիմանանք 90 օր հետո․ Գեղամ Գևորգյան

Մեր ուսումնասիրությունը ցույց են տվել, որ այս տարի ապրանքների գներն աճել են հիմնականում կորոնավիրուսի պատճառով։ Այս մասին Azatutyun.am–ի ֆեյսբուքյան ասուլիսին ասել է Տնտեսական մրցակցության մշտական հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը։

Մասնավորապես, խոսելով հավի ձվի գնի 78,2 տոկոս բարձրացման մասին՝ նա նշեց, որ հավի կերի ներկրման գինն էականորեն բարձրացել է և գուցե դրա հետ է կապված։ «Եթե լինի հակամրցակցային համաձայնություն, կամ խոշորի կողմից արհեստական դեֆիցիտ, դա նույնպես ուսումնասիրում ենք։ ՏՄՊՊՀ–ն արդեն իր անելիքն անում է»,– ասաց նա՝ հիշեցնելով, որ ձվի թանկացման հարցով արդեն վարույթ է հարուցված։

Գեղամ Գևորգյան նշեց, որ ուսումնասիրում են, թե արդյոք գերիշխող դիրքի չարաշահում կա, բայց ուսումնասիրության արդյունքները հայտնի կլինեն 90 օր հետո։

«Եթե մենք տուգանելու ենք, միևնույն է, դուք թանկ ձու առել էիք, այսինքն՝ ես տասը օր հետո կտուգանեմ, թե 40 օր հետո, ձեր կյանքում մեծ հաշվով բան չի փոխվելու։ Երեք օրում տուգանելը նոնսենս է, պետք է վարույթ արվի, տվյալներ հանվեն, վերջը տնտեսվարողն էլ պաշտպանվելու իրավունք ունի, հակառակ պարագայում տպավորություն է, որ այս երկրում ով տնտեսվարող է, պետք է սկսենք այս մարդկանց տուգանել, իսկ եթե օբյեկտի՞վ է գնի բարձրացում»,–ասաց նա և նկատեց, որ տնտեսվարողները պետք է ապացուցեն, թե թանկացումը օբյեկտի՞վ է, թե ոչ։

«Աբսուրդ է հանձնաժողովից ակնկալել, որ որևէ ապրանքի խնդիր ենք լուծելու բնակչության համար»,– ասաց նա և նշեց, որ գինը շուկան է որոշում, իսկ իրենք չարաշահումներն են զսպում։

Անդրադառնալով բենզինի շուկային՝ ՏՄՊՊՀ նախագահն ասաց, որ Հայաստանում մենաշնորհ դիրք ունեցող չկա, այլ հակառակ պրոցեսն է տեղի ունենում․ նախկինում խոշոր մասնաբաժին ունեցող բենզին ներկրողների ծավալը կրճատվում է։

Ինչ վերաբերում է բենզինի գնի բարձրացմանը, նա ասաց․«Շա հասարակ է դրա պատասխանը, 6–7 ամիս է՝ ասում ենք, որ բենզինի շուկայում գները բարձրանալու են, և դա ամբողջ աշխարհում է, իսկ Հայաստանը բենզին ներկրող երկիր է, և Հայաստան մտնում է տարբեր գների բենզին, և մենք բարձրացման համաչափությունն ենք նայում»,–ասաց նա։

Ձեթի շուկայում թանկացման մասով Գեղամ Գևորգյանն ասաց, որ ձեթը ներկրվող ապրանք է և կորոնավիրուսի պատճառով է եղել թանկացում, իսկ կարագի գներն իջել են։ Նա նշեց, որ կաթնամթերքի շուկայում ուսումնասիրություն են կատարում։

Գեղամ Գևորգյանը նաև նշեց, որ ինքը չի պատրաստվում հրաժարական տալ։

Հետևեք մեզ նաև Telegram-ում