Մինչ հրապարակում կանանց ու աղջիկների քաշքշելով տանում էին քաղմաս, կառավարության մոտ թաքուն բացել են «անվախ աղջկա» արձանը․ Կարեն Վրթանեսյան

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է լուսանկարներ՝ նշելով, որ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ այսօր գաղտագողի նոր արձան է բացվել։

«Այսօր մի իրադարձություն է տեղի ունեցել, որն իր կատարյալ պոստմոդերնիստական ցինիզմով չէր կարող ծնվել նույնիսկ Կուստուրիցայի հանճարեղ ուղեղում…

Մինչ հարյուրավոր ոստիկաններ Հրապարակում կանանց և աղջիկների թևերն էին ոլորում ու քաշքշելով տանում քաղմասեր, նույն այդ ժամանակ, այդտեղից մոտ 200 մետր հեռավորության վրա՝ կառավարության 3րդ մասնաշենքի մուտքի մոտ, արձան է կանգնեցվել։

Արձանի բացումն արվել է գաղտագողի, առանց մամուլին և հանրությանը տեղեկացնելու։

Արձանի անունն է… [բռնվե՛ք]… «Անվախ աղջիկը»,-գրել է նա:

Վրթանեսյանն ընդգծել է, որ արձանը բացվել է այն պահին, երբ կառավարության մոտ մի քանի տասնյակ կնոջ ու աղջկա դեմ մի քանի հարյուր ոստիկան էր հանվել։

«Սա երեսպաշտության տիեզերք է, ցինիզմի անսահմանություն»,-գրել է նա։

Հիշեցնենք, որ այսօր կառավարության մոտից ուժի կիրառմամբ բերման էին ենթարկվել բողոքի ակցիա իրականացնող կանանց։

Հետևեք մեզ նաև Telegram-ում