Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը

Կյանքից հեռացավ փաստաբանական պալատի խորհրդի անդամ, հայտնի իրավաբան Սեդրակ Ասատրյանը

Բավական է մեկ անգամ բացել Սեդրակ Ասատրյանի ֆեյսբուքյան էջը՝ համոզվելու, որ Սևակի պոեզիան Սեդրակ Ասատրյանի կյանքի անբաժան ուղեկիցն էր։ Ահա, օրինակ, հերթական մեջբերումը Սևակից՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:

Այսօր՝ 2021 թվականի ապրիլի 9-ին, ավարտվեց Սեդրակ Ասատրյանի երկրային կյանքը։ Ավարտվեց, երբ նա չէր նշել ծննդյան 60-ամյակը։ Ընդամենը վաթսուն տարի․․․ բայց Սեդրակ Ասատրյանի պարագայում «ընդամենը» մակբայը հավանաբար տեղին չէ․․․ Տեղին չէ, քանի որ այդ վաթսուն տարիները հագեցած են եղել լիարժեք կյանքով, անխոնջ ու նվիրված աշխատանքով, գիտական ու մասնագիտական ստեղծագործությամբ, ընկերներով, բարեկամներով, քավոր-սանիկներով, ազգականներով, ուսուցիչներով ու աշակերտներով։ Եվ ապրել է այդ վաթսուն տարիները՝ հավատարիմ իր սիրած պոետի հորդորին՝

«Ապրե՜լ, ապրե՜լ, այնպե՛ս ապրել,

Որ սուրբ հողըդ երբեք չզգա քո ավելորդ ծանրությունը»:

 

Դա կարող են վկայել «Գալիք» համալսարանի իրավագիտության ֆակուլտետի իր համակուրսեցիները, Երևանի Քաղաքապետարանին կից «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների» կենտրոնի աշխատակիցները, որտեղ 2000-2009թթ. աշխատել է որպես տնօրենի տեղակալ, Դիլիջանի քաղաքապետարանի իր գործընկերները, որտեղ 2004-2005թթ. եղել է քաղաքապետի խորհրդական և, վերջապես, «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակը, որի համահիմնադիրն էր և բազմամյա ղեկավարը, ինչպես նաև Փաստաբանական պալատի ողջ կազմը, որի խորհրդի անդամ էր 2017 թվականից: Անգնահատելի էր Սեդրակ Ասատրյանի փորձը՝ վստահորդների շահերը դատական տարբեր ատյաններում, ինչպես նաև վարչական մարմիններում ներկայացուցչություն ապահովելու գործում։ Անփոխարինելի է նրա աշխատանքը երիտասարդ իրավաբանների և փաստաբանների հետ՝ մասնագիտական և կառավարչական հմտություններ ուսուցանելու առումով՝ լինեն դրանք գրասենյակի աշխատակիցները, փաստաբանական դպրոցի սաները թե ուսանողները:

Սեդրակ Ասատրյանը գիտեր, որ իրավագիտությունն անսահման է և զարգանում է մշտապես: Անկախ նրանից, որ նա արդեն իսկ հայաստանյան մասնագիտական հանրության կողմից ճանաչված էր՝ որպես հմուտ և փորձառու փաստաբան, աշխատանքային գործունեությանը զուգընթաց՝ կարողանում էր միշտ ժամանակ գտնել գիտելիքներն ու հմտություններն ավելացնելու համար, ժամանակ էր գտնում մասնակցելու միջազգային հեղինակավոր դասընթացներին, համաժողովներին, վերապատրաստվում էր՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ արտերկրում կազմակերպվող մասնագիտական դասընթացներում։ Նաև նաև կարևորում էր գիտելիքների և հմտությունների մշտական կատարելագործումը: Սեդրակ Ասատրյանը բազմաթիվ հոդվածների, ինովացիոն առաջարկությունների հեղինակ էր, ինչպես նաև «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Աշխատանքային պայմանագրեր» (Գիրք 1) և «ՀՀ Նոր աշխատանքային օրենսգիրք, Գործատուի ներքին և անհատական իրավական ակտեր» (Գիրք 2) և «Փաստաբանական գրասենյակի կառավարում» գրքերի համահեղինակ:

Մի ամբողջ վաթսուն տարի․․․

Ապրիլի 10-ին, 16:30 Սարդարապատի (նախկին Հոկտեմբեր) Սուրբ Աստվածածին եկեղեցում Սեդրակ Ասատրյանի հոգեհանգիստն է, հուղարկավորությունը՝ ապրիլի 11-ին, 14:00՝ նույն եկեղեցուց։

Ապրիլի 10-ին ու 11-ին ընտանիքը, բարեկամները, աշակերտներն ու ընկերները հրաժեշտ կտան Սեդրակ Ասատրյանի մարմնին, բայց նրա հոգին, նրա ազնվությունը, հմայքը և հումորի զգացումը կշարունակեն գոյատևել նրան ճանաչողների մոտ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում