Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան

Պիտի համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ. Զոհրաբյան

Պետք է համաձայնվեմ Միքայել Մինասյանի հետ՝ այո, ընդդիմադիր կոալիցիայի խնդիրը Նիկոլ Փաշինյանի օր առաջ հեռացումն էր, քանի որ Նիկոլը պարտված ղեկավար է, իսկ պարտված ղեկավարը չի կարող լուծել պատերազմի հետևանքները և վերջ: Բայց խնդիրը չստացվեց լուծել, ես չեմ ցանկանում մեղավորներ փնտրել, ինքս բազմաթիվ օբյեկտիվ և սուբյեկտիվ փաստարկներ և հակափաստարկներ կարող եմ բերել, թե ինչու չստացվեց: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստամ» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ անդրադառնալով «Արմնյուզ» ՀԸ-ին տված հարցազրույցում Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի դիտարկմանն առ այն, որ «Ընտրություն» օպերացիայով Նիկոլ Փաշինյանը հետ բերեց բանակը իր ենթակայության տակ, և այդ ընտրությունների կազմակերպման մեջ իրենց բոլորն ունեին իրենց շահերը, ընդդիմությունը՝ ևս, որովհետև ընդդիմությունը զրկվել էր իմաստից:

«Ամենամեծ փաստարկն այն է, որ ի դեմս Նիկոլ Փաշինյանի՝ գործ ունենք քաղաքական տրամաբանության մեջ չտեղավորվող գործչի հետ, եթե դա այդպես չլիներ, ընդդիմության ճանապարհային քարտեզը հստակ կաշխատեր: Բայց գործ ունենք մի գործչի հետ, ում գործողությունները, էմոցիաները, քայլերը, հայտարարությունները բացարձակապես դուրս են քաղաքական տրամաբանությունից: Ուստի ո՞րն է ելքը, թողնել, որ Նիկոլ Փաշինյանը մնա մինչև 2023 թվակա՞նը, թե՞ գնալ արտահերթ ընտրությունների և անել ժողովրդի կամքով իշխանափոխություն»,- ասաց Զոհրաբյանը:

Հարցին՝ ընդունո՞ւմ է, որ ընդդիմությունը, այնուամենայնիվ, թերութուններ ուներ, ի վերջո վերլուծել են իրենք, թե ո՞րն է պատճառը, որ մարդիկ դուրս չեկան փողոց, պատգամավորը նշեց՝ ինքը ընդդիմադիր 17 կուսակցութունների կառավարման խորհրդում չկա, որոշումներ կայացողներից չէ.

«Ես ընդամենը ընդդիմադիր գործիչ եմ և գտնում եմ, որ մեր երկիրը պարտության տարած ղեկավարը պետք է հեռանա, ինչպես գտնում է Միքայել Մինասյանը և շատերը: Երկրի համար լավագույն տարբերակը կլիներ, որ այսպիսի ջլատված և համազգային դեպրեսիայով, ներազգային ցավով երկիրը չմտներ ընտրական փուլ, որովհետև ես ինքս դժվար եմ պատկերացնում ընտրական գործընթացները այս փուլում: Դժվար եմ պատկերացնում վերցնել մեգաֆոնը և մտնել բակեր, որտեղից ընդամենը մի քանի ամիս առաջ զինվոր են թաղել, անհետ կորածներ, ռազմագերիներ կան: Դժվար է գնալ և խոսել նախընտրական ծրագրերից: Բայց ես չեմ պատկերացնում մյուս տարբերակը, որ Նիկոլ Փաշինյանը մինչև 2023 թվականը պիտի մնա, դա առավել մեծ ավեր կլինի երկրի համար: Ուստի այս պահին թերևս ոչ լավագույն, բայց տրամաբանական լուծումը մնում է արտահերթ ընտրությունը»:

Հարցին՝ արդյո՞ք ընտրություններից հետո քաղաքական ճգնաժամը կվերանա, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց՝ վստահ չէ, եթե Նիկոլ Փաշինյանը փորձի ամեն գնով ապահովել իր վերարտադրությունը, ապա ճգնաժամը ավելի կխորանա.

«Այս իրավիճակում ամեն օրը մեզ արժենում է Հայաստանի պետականության կորուստը, բայց եթե որևէ քաղաքական գործիչ կամ ուժ կարող է այս պահին առավել քաղաքական ռացիոնալ ելք հուշել, ապա այդ առաջարկը արժանի կլինի քննարկման: Այս պահին առավել քաղաքական ռացիոնալ, տրամաբանական տարբերակ, քան գնալ ընտրությունների, չկա: Եթե անգամ արտահերթ խորհրդարանական ընտրությունները ստեղծված իրավիճակի լավագույն լուծումը չեն, ապա այս պահին կարծես թե որևէ մեկը շատ ավելի լավ լուծում չի առաջարկել»:

Հետևեք մեզ նաև Telegram-ում