Կեղծված թվեր

Կեղծված թվեր

Երեկ ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է. «Վարչապետի հետ խոսել են գերիների վերադարձի հարցի մասին։ Պատասխանը գոհացուցիչ չի եղել բացարձակ։ Պատասխանել է, որ 70 գերի կա ու վերջ»: Այս մասին գրում է Panorama.am-ը:

«Փաստինֆո»-ն նաև գրում է, որ պաշտոնական տվյալներով՝ հայկական կողմը Մարդու իրավունքների եվրոպական դատարան է ուղարկել 249 անձի վերաբերյալ դիմումներ: Նրանցից 229-ը դատարանի կողմից բավարարվել էր։ Կան մարդիկ, որոնք վերադարձվել են, մի մասի նկատմամբ կիրառված միջանկյալ միջոցները հանվել են դատարանի կողմից։

Ընդհանուր առմամբ Ադրբեջանից Հայաստան է վերադարձվել 64 գերի, այդ թվում՝ քաղաքացիական անձինք։ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակից հայտնել են, որ հաշվի առնելով անցած ամիսներին վերադարձածներին՝ այժմ դատարանի ուշադրության ներքո է 183 անձի գործ, որից շատ քիչ թվի մասին է հաստատել Ադրբեջանը։

«Արմենիա Սպուտնիկ»-ի գրավոր հարցմանն ի պատասխան, ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ մարտի 31-ի դրությամբ արցախյան վերջին պատերազմի ժամանակ հաշվառվել է 3049 զոհված անձ։ Ոչ պաշտոնական տվյալներով` հայկական կողմի զոհերի թիվը 4000–ի է հասնում։

Նշենք, որ դեռևս մարտի սկզբին ՌԴ խաղաղապահ զորախմբի մարդասիրական արձագանքման կենտրոն անհետ կորածների խնդրով մոտ 2,5 հազար մարդ էր դիմել:

Ինչ է ստացվում. իշխանությունները խաբում են և գերիների, և զոհերի թվի հարցում, որովհետև անհետ կորածները կամ զոհված են կամ գերի, իսկ պաշտոնական ներկայացված թվային տվյալները ամբողջական ճիշտ պատկերը չեն արտացոլում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում