ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարություն են տարածել՝ նշելով, հետևում են 2020 թվականի նոյեմբերի 9-ի համաձայնագրի կատարման ընթացքին և գոհունակություն հայտնել, որ Լեռնային Ղարաբաղում հրադադարի ռեժիմն ամրապնդվում է։

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կողմերին կոչ են արել վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը: Իգոր Պոպովը, Ստեֆան Վիսկոնտին և Էնդրյու Շոֆերը գոհունակությամբ նշել են հրադադարի ռեժիմի ամրապնդումը, հայտնելով՝ ուշադիր հետևում են նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության իրականացմանը:

Համանախագահները ողջունում են զոհերի աճյունների վերադարձը, հակամարտության հետևանքով տեղահանվածների վերաբնակեցման, մարդասիրական օգնության և համարժեք կենսապայմանների տրամադրման, ինչպես նաև տարածաշրջանի տրանսպորտային և հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանն ուղղված կառուցողական քննարկումների շարունակական առաջընթացը:

«Հարկավոր են լրացուցիչ ջանքեր` դեռևս մնացած հարցերը լուծելու և երկարաժամկետ խաղաղությանը նպաստող փոխվստահության մթնոլորտ ստեղծելու համար: Դրանք ներառում են հարցեր, որոնք, մասնավորապես, վերաբերում են բոլոր ռազմագերիների և այլ ձերբակալվածների վերադարձին` միջազգային մարդասիրական իրավունքի դրույթներին համապատասխան, հակամարտության շրջանների արդյունավետ ականազերծման համար անհրաժեշտ բոլոր տվյալների փոխանակմանը, Լեռնային Ղարաբաղ մուտքի սահմանափակումների վերացմանը, այդ թվում`միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներկայացուցիչների համար, կրոնական և մշակութային ժառանգության պահպանմանը և պաշտպանությանը, ինչպես նաև հակամարտությունից տուժած համայնքների, մարդկանց միջև վստահության ամրապնդմանը:

Հաշվի առնելով ԵԱՀԿ-ի մանդատի ժամկետները և տարածաշրջանի բոլոր բնակիչների ձգտումները դեպի կայուն, խաղաղ և բարեկեցիկ ապագան՝ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա:

Կոչ ենք անում կողմերին առաջին հնարավորության դեպքում վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը համանախագահների հովանու ներքո: Համանախագահները կրկնում են ուղղակի երկկողմ խորհրդատվություններ կազմակերպելու իրենց առաջարկը, որպեսզի կողմերը համատեղ վերանայեն և համաձայնեցնեն իրենց առաջնահերթությունները ներկայացնող կառուցվածքային օրակարգը՝ առանց նախապայմանների:

Համանախագահները աջակցություն են հայտնում ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի շարունակական գործունեությանը և հնարավոր ընդլայնմանը և կողմերին կոչ են անում աջակցել նրա ջանքերին: Համանախագահները շեշտում են իրենց պատրաստակամությունը` վերսկսելու աշխատանքային այցերը տարածաշրջան, այդ թվում` Լեռնային Ղարաբաղ և հարակից տարածքներ` իրականացնելու իրենց գնահատման և միջնորդական առաքելությունները: Համանախագահները կողմերին հիշեցնում են իրենց երթուղիների վերաբերյալ անարգել մուտքի և շարժման առավելագույն ճկունություն ապահովելու պահանջի մասին` իրենց ունեցած մանդատին և նախորդ պրակտիկային համապատասխան»,- ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում